ՌԴ-ն նախատեսում է «Սպուտնիկ V»-ի շուրջ 3 միլիոն դեղաչափ հատկացնել Հնդկաստանին

17:58 • 01.05.21

Ռուսաստանի Դաշնության ուղղակի ներդրումների հիմնադրամը նախատեսում է մայիսին Հնդկաստան ուղարկել մոտ ռուսական «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութի 3 միլիոն դեղաչափ։

Այս մասին այսօր BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր մենք պատվաստանյութի առաջին խմբաքանակն ենք ուղարկել՝ շուրջ 150 հազար դեղաչափ: Բայց մենք նախատեսում ենք այս ամիս մատակարարել մոտ 3 միլիոն դեղաչափ»,- ասել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի նախագահը և հավելել՝ Հնդկաստանում կսկսվի «Սպուտնիկ V»-ի  լայնածավալ արտադրություն:

Ըստ նախնական ծրագրի՝ երկրում մինչև հունիս-հուլիս ամիսներին ամսական մոտ 50 միլիոն դեղաչափ պատվաստանյութ կարտադրվի:

Հիշեցնենք՝ ապրիլին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում շեշտել էր Հնդկաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի համար հրատապ մարդասիրական օգնություն տրամադրելու որոշման մասին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, «Սպուտնիկ V»-ն Հնդկաստանում կիրառվող երրորդ պատվաստանյութն է: Բացի այդ, երկրում օգտագործվում է բրիտանա-շվեդական AstraZeneca և հնդկական Bharat Biotech ընկերությունների մշակած դեղամիջոցները:

 

ՌԴ-ն նախատեսում է «Սպուտնիկ V»-ի շուրջ 3 միլիոն դեղաչափ հատկացնել Հնդկաստանին