Բեռլուսկոնին դուրս է գրվել հիվանդանոցից
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին դուրս է գրվել Միլանի Սան Ռաֆաելե հիվանդանոցից, որտեղ նա գտնվում էր ապրիլի 6-ից, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
84-ամյա քաղաքական գործիչը ուրբաթ երեկոյան դուրս է գրվել հիվանդանոցից և այժմ գտնվում է Արկորիում գտնվող իր առանձատանը:
Ավելի վաղ Բեռլուսկոնիի փաստաբանները դատական նիստի ժամանակ (Իտալիայի նախկին առաջնորդը մեղադրվում է կոռուպցիայի համար) հայտարարել էին, որ Բեռլուսկոնին հիվանդանոցում է կորոնավիրուսային հիվանդության կողմնակի հետևանքների պատճառով: Բեռլուսկոնին դիմել է կլինիկա՝ վերահսկողական հետազոտություն անցնելու համար, որից հետո բժիշկները որոշել են նրան հոսպիտալացնել բժշկական հաստատությունում:
Հիշեցնենք՝ անցյալ տարի քաղաքական գործիչը COVID-19-ով էր վարակվել: Այդ մասին հայտնի էր դարձել սեպտեմբերի 2-ին: Ինքը՝ Բեռլուսկոնին, հիվանդությունն անվանել էր «իր կյանքի ամենավտանգավոր փորձությունը»:










