Նոր հակառեկորդ. Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշը համավարակի ողջ ընթացքում
Հնդկաստանում մայիսի 2-ին գրանցվել է կորոնավիրուսից մահացության մեկօրյա ամենաբարձր ցուցանիշը համավարակի ողջ ընթացքում:
Ինչպես փոխանցում է BBC News-ը՝ հղում անելով ասիական երկրի առողջապահության նախարարությանը, վերջին 24 ժամում 3689 մարդ է մահացել վիրուսից: Իսկ նախօրեին երկրում արձանագրվել էր մեկօրյա վարակման ավելի քան 400 000 դեպք: Նման ցուցանիշ ոչ մի ուրիշ երկրում չի գրանցվել «Քովիդ-19»-ի համավարակի ողջ ընթացքում:
Նշվում է, որ երկրի վարչապետ Նարենդրա Մոդին հանդիպում է ունեցել առողջապահության նախարարի հետ՝ քննարկելու ստեղծված ճգնաժամային իրավիճակը:
Հնդկաստանում հիվանդանոցները գերծանրաբեռնված են աշխատում՝ փորձելով օգնություն ցույց տալ բոլոր հիվանդներին, սակայն թթվածնի և մահճակալների պակաս է զգացվում մի շարք նահանգներում:
Մինչ այս պահը Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 19 մլն դեպք, մահվան՝ ավելի քան 215 000: Վարակվածության ցուցանիշով երկիրը զիջում է միայն ԱՄՆ-ին, իսկ մահացության ցուցանիշով երրորդ տեղում է՝ ԱՄՆ-ից, Բրազիլիայից և Մեքսիկայից հետո:










