1 միլիոն դոլար՝ իրանցի գերեվարված յուրաքանչյուր զինծառայողի համար. Իրանի նախկին նախագահը պատմել է Կատարի նախկին էմիրի առատաձեռնության մասին

18:25 • 03.05.21

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ Կատարի նախկին էմիր շեյխ Համադ բին Խալիֆա ալ-Թանին 57 միլիոն դոլար փրկագին է վճարել 2012 թվականին Սիրիայում զինված խմբավորման կողմից գերեվարված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՊԿ) 57 զինծառայողների ազատման համար: Այս մասին գրում է Middle East Monitor տեղեկատվական-վերլուծական պորտալը:

Ահմադինեժադը, իրանական Բուշերում իր համախոհների դիմաց ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ միջադեպը տեղի է ունեցել սիրիական ճգնաժամի հենց սկզբում՝ 2012 թվականին, երբ զինված ընդդիմադիր խմբավորումներից մեկը Դամասկոսից հարավ ընկած տարածքում դարանակալել էր իրանցի գվարդիականներին տեղափոխող ավտոբուսը:

2005-2013 թվականներին ղեկավարած Իսլամական Հանրապետության նախկին նախագահի խոսքով, այն բանից հետո, երբ ո՛չ Իրանը, ո՛չ էլ Սիրիայի կառավարությունը չեն կարողացել ապահովել զինվորականների ազատ արձակումը, Իրանի իշխանությունները կապվել են Կատարի պաշտոնյաների հետ, որոնք կապ են հաստատել խմբավորման հետ և փրկագին են վճարել Թեհրանի անունից:

Միևնույն ժամանակ, Մահմուդ Ահմադինեժադն ընդգծել է, որ այդ ժամանակ Կատարի էմիրը հրաժարվել է փրկագնի դիմաց Իրանի կողմից ուղարկված 57 միլիոն դոլարի կտրոնը ընդունելուց՝ հաստատելով, որ նա դա արել է երկու ժողովուրդների բարեկամության համար:

1 միլիոն դոլար՝ իրանցի գերեվարված յուրաքանչյուր զինծառայողի համար. Իրանի նախկին նախագահը պատմել է Կատարի նախկին էմիրի առատաձեռնության մասին