Լեհաստանի նախագահը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կքննարկի Ուկրաինայի անդամակցության հարցը

19:34 • 03.05.21

Հունիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կքննարկի Ուկրաինայի` դաշինքին անդամակցելու ճանապարհային քարտեզը, երկուշաբթի Վարշավայում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Երկուշաբթի օրը Լեհաստանը նշում է երկրի առաջին Սահմանադրության 230-ամյակը: Այս ամսաթիվը նշվում է որպես Լեհաստանի Սահմանադրության օր: Տոնակատարությանը մասնակցելու նպատակով Վարշավա են ժամանել Ուկրաինայի, Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի նախագահները:

«Ես պարոն նախագահին (Զելենսկիին – խմբ․) պատմել եմ Բուխարեստի 9-ամյակի առաջիկա գագաթնաժողովի հեռանկարների մասին, այսինքն՝ Կենտրոնական Եվրոպայի ՆԱՏՕ-ի անդամ պետությունների գագաթնաժողովի, որը մեկ շաբաթ հետո տեղի կունենա Բուխարեստում, որտեղ մենք կխոսենք անվտանգության խնդիրների մասին, և ես կարծում եմ, որ Ուկրաինայի և Բելառուսի հարցը շատ կարևոր թեմա կլինի, հատկապես Ուկրաինայինը»,-ասել է Դուդան:

«Երկրորդ, մենք խոսել ենք ամբողջ դաշինքի առաջիկա գագաթնաժողովի մասին, որը տեղի կունենա Բրյուսելում մեկուկես ամիս հետո` հունիսի կեսերին, որտեղ այս թեման լիակատար վստահ եմ, նույնպես կքննարկվի»,- ավելացրել է Դուդան:

Նա բացատրել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կքննարկի «նախ Ուկրաինայի անվտանգության հարցը որպես այդպիսին, ինչպես նաև ամբողջ Կենտրոնական Եվրոպայի անվտանգության հարցը կապված դրա հետ, և երկրորդ՝  Ուկրաինային պաշտոնականացված կերպով այն ճանապարհը ցույց տալու հարցը, որը նա պետք է անցնի դաշինքին անդամակցելու համար, այդ անդամակցության ճանապարհային քարտեզը, որը հիմնարար հարց է և որի համար պայքարում է Ուկրաինան»:


Լեհաստանի նախագահը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կքննարկի Ուկրաինայի անդամակցության հարցը