Տաջիկստանի հետ սահմանին բախումների հետևանքով տուժած ղրղզստանցիների թիվը հասել է 183-ի
Տաջիկստանի հետ սահմանին բախումներից տուժած Ղրղզստանի քաղաքացիների թիվը հասել է 183-ի:
Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է հանրապետության առողջապահության փոխնախարար Էլիզա Սոլտոնբեկովան, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Վիրավորների թիվը մինչ օրս հասել է 183-ի»,- ասել է նա:
Սոլտոնբեկովայի խոսքով՝ նրանցից 99-ը շարունակում է բուժում ստանալ երկրի հիվանդանոցներում:
Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հաղորդել էր, որ հակամարտության ընթացքում Ղրղզստանի 34 քաղաքացի է զոհվել, այդ թվում՝ 13-ամյա մի աղջիկ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ապրիլի 29-ին Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանամերձ շրջանների տեղական բնակիչների միջև հակամարտությունը վերաճել էր զինված առճակատման երկու երկրների զինված ուժերի միջև: Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահների միջև բախումները տևել են ավելի քան վեց ժամ: Երկու կողմից զոհվել է շուրջ 50 մարդ, ավելի քան 200-ը վիրավորվել է: Ապրիլի 29-ի երեկոյան կողմերը պայմանավորվություն են ձեռք բերել զինադադարի և սահմանից ուժերի դուրսբերման մասին, բայց հաջորդ օրը կողմերի միջև փոխհրաձգությունը վերսկսվել է: Մեկ այլ զինադադար է ձեռք բերվել ապրիլի 30-ի ուշ երեկոյան: Տաջիկստանի բոլոր զինված անձնակազմերը Ղրղզստանի տարածքը լքել են մայիսի 1-ին:
Նշենք՝ Տաջիկստանի սահմանապահները տեսախցիկներ էին տեղադրել սահմանին գտնվող ջրաբաշխիչ կետի մոտ, ինչին ի պատասխան ղրղզական կողմը պահանջել էր ապամոնտաժել դրանք: Երկու երկրների բնակիչները սկսել էին քարեր նետել միմյանց ուղղությամբ։
Ըստ պաշտոնական Դուշանբեի՝ առաջինը կրակել են ղրղըզ զինծառայողները, որոնք փորձել են գրավել «Գոլովնոյ» կոչվող ջրաբաշխիչ կետը։ Այնուամենայնիվ, ղրղզական կողմը հակառակն է պնդում:
Հիշեցնենք՝ ջրաբաշխիչ կետի պատկանելության շուրջ երկու հարևանների միջև վեճը շարունակվում է տասնամյակներ։ Տաջիկստանի և Ղրղզստանի պետական սահմաններն անցնում են հենց այդ ջրաբաշխիչ կետի կողքով, իսկ 1968 թվականից ի վեր այն օգտագործվում է ինչպես Տաջիկստանի և Ղրղզստանի, այնպես էլ երրորդ հարևան Ուզբեկստանի սահմանամերձ շրջանների ոռոգման և ջրամատակարարման համար։










