«Պատվաստում և գարեջուր». Նյու Ջերսիի նահանգապետը COVID-19-ի դեմ պատվաստվելու համար բնակիչներին մի գավաթ անվճար գարեջուր է խոստացել

09:48 • 04.05.21

Նյու Ջերսիի նահանգապետ Ֆիլ Մըրֆին մեկ գավաթ գարեջուր է խոստացել նահանգի բոլոր այն բնակիչներին, որոնք կորոշեն այս ամիս պատվաստվել կորոնավիրուսի դեմ, հաղորդում է ABC news-ը։

Մըրֆին նախօրեին Twitter-ում հայտնել է «Պատվաստում և գարեջուր» ծրագրի մասին, որը 21-ից բարձր անձանց այս ամիս պատվաստվելու դեպքում առաջարկում է անվճար գարեջուր։

«Պատվաստում և գարեջուր» ծրագրի շրջանակում նահանգի բնակիչը կարող է իր պատվաստումը հաստատող փաստաթուղթը ցույց տալ ծրագրին մասնակցող 13 գարեջրատներից մեկին և մեկ գավաթ անվճար գարեջուր ըմպել։

Ինչպես նշում է հեռուստաալիքը, սա նահանգում պատվաստումների թվի ավելացման և մինչև հունիսի վերջ 4,7 միլիոն բնակիչների պատվաստման նպատակին հասնելու Մըրֆիի ծրագրի մի մասն է։

Ընդ որում, Twitter-ի ոչ բոլոր օգտատերերն են աջակցել իշխանությունների մտահաղացմանը․ շատերը իշխանություններին մեղադրել են «ալկոհոլով կաշառելու» համար։

 

«Պատվաստում և գարեջուր». Նյու Ջերսիի նահանգապետը COVID-19-ի դեմ պատվաստվելու համար բնակիչներին մի գավաթ անվճար գարեջուր է խոստացել