Եգիպտոսը Ֆրանսիայից 4,5 միլիարդ դոլարի 30 Rafale կործանիչ կգնի
Եգիպտոսը Ֆրանսիայից 30 Rafale կործանիչ գնելու վերաբերյալ պայմանագիր է ստորագրել, որը, ըստ Disclose հետաքննող կայքի, գնահատվում է 45 միլիարդ դոլար, հայտնում է Al Jazeera լրատվական գործակալությունը՝ հղում տալով Եգիպտոսի պաշտանության նախարարության հայտարարությանը։
Եգիպտոսի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գործարքը իրականացվելու է առնվազն 10 տարվա ընթացքում մարվող վարկի միջոցով, սակայն գործարքի մասին մանրամասներ չի հաղորդել։
Հիշեցնենք, որ Եգիպտոսից առաջ Ֆրանսիայից 18 Rafale կործանիչներ գնելու վերաբերյալ համաձայնագիր էր կնքել Հունաստանը, ինչպես նաև պայմանագրեր են կնքել Կատարը և Հնդկաստանը:
Հայտնի է, որ Եգիպտոսի և Ֆրանսիայի միջև ստորագրված պայմանագրում ընդգրկված է նաև 241 միլիոն դոլար արժողությամբ հրթիռների և այլ սարքավորումների վաճառք։
2013-ից 2017 թվականներին Ֆրանսիան եղել է Եգիպտոսի զենքի հիմնական մատակարարը՝ ներառյալ 24 ռազմական ինքնաթիռներ։ Երկու երկրների միջև սերտ տնտեսական և ռազմական հարաբերություններ են զարգացել Եգիպտոսում Էլ Սիսիի իշխանության գալուց հետո, սակայն Ֆրանսիայի նման քաղաքականությունը հաճախ քննադատվել է այն առնչությամբ, որ Ֆրանսիան աչք է փակում Սիսիի կառավարության կողմից մարդու իրավունքների ոտնահարման վրա։ Շատ ակտիվիստներ զայրացել են Փարիզում Մակրոնի կողմից Էլ Սիսիին Պատվո Լեգեոնի Մեծ խաչ տալու քայլից և հիշեցրել եգիպտական բանտերում գտնվող 60 հազար քաղբանտարկյալների մասին։
Քննադատություններին ի պատասխան Մակրոնն ասել է․ «Կարծում եմ ավելի լավ է երկխոսության, քան քննադատության քաղաքականություն ունենալ, ինչը կնվազեցնի ահաբեկչության դեմ և տարածաշրջանային կայունության համար մեր գործընկերներից մեկի պայքարի արդյունավետությունը»։










