Ճապոնիայում կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով հատկացված 228 500 դոլարը ծախսվել է կաղամարի ահռելի արձանի կառուցման վրա
Ճապոնական քաղաքներից մեկում կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի նպատակով հատկացված ֆինանսական միջոցներն օգտագործվել են կաղամարի հսկա արձան կառուցելու համար, հայտնում է BBC լրատվականը։
13 մետր երկարությամբ կաղամարի արձանը գտնվում է Նոտոյի նավահանգստում, որտեղ խաղաղօվկիանոսյան կաղամարը համարվում է քաղաքի հայտնի նրբուտեստներից:
Հայտնի է, որ արձանի կառուցման համար օգտագործվել է 228 500 դոլար։ Նոտոյի նավահանգստի պաշտոնյաները հայտնել են, որ, կորոնավիրուսային վարակի տարածման հետևանքով առաջացած իրավիճակից հետո, արձանը զբոսաշրջիկներին քաղաք վերադարձնելու ծրագրի մի մասն է։
Այժմ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն պայքարում է կորոնավիրուսային վարակի հերթական ալիքի դեմ և ներկայումս գտնվում է արտակարգ դրության պայմաններում, իսկ Նոտոյում կորոնավիրուսով վարակման շատ քիչ դեպքեր են գրանցվել, որոնք, սակայն, ազդել են զբոսաշրջիկների հոսքի վրա։
Քաղաքը, ազգային դրամաշնորհների միջոցով, 7,3 միլիոն դոլար է ստացել, որպես կորոնավիրուսային հետևանքների պատճառով տուժած տնտեսությունը վերականգնելու խթան։ Գումարն ուղղակիորեն կորոնավիրուսին առնչվող խնդիրների համար նախատեսված չի եղել, սակայն արձանի կառուցումը քննադատվել է։
Ինչպես շատ այլ երկրներում, կորոնավիրուսային համավարակը մեծ հարված է հասցրել Ճապոնիայի զբոսաշրջային ոլորտին: Այս տարի երկիրը հյուրընկալում է Օլիմպիական խաղերը, սակայն օտարերկրյա երկրպագուներին թույլատրված չէ մասնակցել միջոցառման, ինչը, ըստ Նոմուրայի հետազոտական ինստիտուտի գործադիր տնտեսագետ Տակահիդե Կիուչիի, կարող է 1,8 միլիարդ դոլարի վնաս հասցնել երկրին։
Կորոնավիրուսային վարակի տարածումից ի վեր Ճապոնիայում գրանցվել է վարակման 610 հազար դեպք, որից 10 391-ը` մահվան ելքով։










