Հարավկորեական ընկերության նախագահը հրաժարական է տվել կորոնավիրուսի բուժման նպատակով իր յոգուրտը «գովազդելու» համար

13:05 • 04.05.21

Կաթնամթերք արտադրող հարավկորեական խոշոր ընկերության տնօրենը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ ոստիկանությունը հետաքննություն է սկսել ընկերության պնդման վերաբերյալ, համաձայն որի` իրենց արտադրած յոգուրտային ըմպելիքն արդյունավետ է կորոնավիրուսային վարակի դեմ, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Namyang Dairy Product Co Ltd ընկերության նախագահ Հոնգ Ուոն Սիքը հրաժարական է տվել նախնական մեղադրանքից երեք շաբաթ անց՝ հայտարարելով, որ ամբողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա:

Հայտնի է, որ ընկերությունը, որի բաժնետոմսերի 53,1 տոկոսը պատկանում է Հոնգ Ուոն Սիքին և իր ընտանիքին, Հարավային Կորեայում կաթնամթերքի արտադրության ոլորտում 3-րդ խոշորագույն ընկերությունն է։

Նախորդ ամիս ընկերությունը լրագրողական ֆորումի ընթացքում պնդել է, որ իրենց արտադրության Bulgaris յոգուտային ըմպելիքն արդյունավետ է կորոնավիրուսային վարակի դեմ, ինչից հետո այս ընկերության արժեթղթերի գինը բարձրացել է գրեթե 30 տոկոսով։

Հարավային Կորեայի Սննդամթերքի և դեղորայքի անվտանգության նախարարությունը հայտարարել էր, որ ընկերությունը վերոնշյալ պնդումը հաստատող որևէ փաստ չունի և մեղադրել է ընկերությանը մոլորեցնող տեղեկատվություն տարածելու համար։

Հարավկորեական ընկերության նախագահը հրաժարական է տվել կորոնավիրուսի բուժման նպատակով իր յոգուրտը «գովազդելու» համար