Բրիտանացի նախկին գործակալը ՀԴԲ-ին Թրամփի վերաբերյալ ևս 1 դոսյե է ներկայացրել. լրատվամիջոցներ
Մեծ Բրիտանիայի հետախուզության նախկին աշխատակից Քրիստոֆեր Սթիլը, որը նախկինում վարկաբեկիչ նյութեր (կոմպրոմատ) էր ներկայացրել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, Հետաքննությունների դաշնային բյուրոյին է (ՀԴԲ) տրամադրել Թրամփի վերաբերյալ երկրորդ դոսյեն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն` մանրամասնելով, որ դոսյեն փոխանցվել է դեռևս Թրամփի նախագահության օրոք, սակայն այդ մասին միայն հիմա է հայտնի դարձել:
Թրամփի նախագահության ընթացքում Սթիլն ԱՄՆ իշխանություններին է տրամադրել մի շարք զեկույցներ պետության ղեկավարի վերաբերյալ, որոնցում տեղեկություն կա նաև Թրամփի կողմից ենթադրյալ սեռական շահագործման մասին:
Հատկանշական է, որ Սթիլը իրեն պատկանող Orbis Business Intelligence ընկերության միջոցով շարունակել է ԱՄՆ հետախուզությանը չմշակված տվյալներ տրամադրել:
2016-ին Սթիլը կազմել էր Թրամփի գործով առաջին դոսյեն: ԱՄՆ նախկին նախագահի քաղաքական հակառակորդների խնդրանքով Սթիլը բարձրաստիճան պաշտոնյայի դեմ վարկաբեկիչ տեղեկություններ էր ներկայացրել Վաշինգտոնում տեղակայված Fusion GPS ընկերության: Դոսյեն լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր հայտնվել 2016 թվականի նախագահական ընտրություններից հետո:
Զեկույցում նշվել է նաև, որ Ռուսաստանը ևս Թրամփի վերաբերյալ կոմպրոմատներ ունի: ԱՄՆ հետախուզական ծառայությունները, որոնք այդ ժամանակ դեռ ղեկավարում էին նախկին նախագահ Բարաք Օբամայի կադրերը, ո՛չ հերքել են, և ո՛չ էլ հաստատել են դոսյեի բովանդակությունն ու դրա ուշագրավ մանրամասները: Ինքը՝ Թրամփը, մեկ անգամ չէ, որ դոսյեները կեղծ է անվանել, իսկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այդ դոսյեն «թերթային բադ» (ընդունված է անվանել լրատվամիջոցներում տեղ գտած սուտ կամ չստուգված լուրերը,- Tert.am) է անվանել:
Անցյալ տարվա հուլիսին ամերիկյան լրատվամիջոցները բացահայտել էին բրիտանական հետախուզության նախկին սպա Քրիստոֆեր Սթիլի իրազեկ աղբյուրների ինքնությունը: Ըստ ԶԼՄ-ների՝ առաջին հերթին խոսքը վերլուծաբան Իգոր Դանչենկոյի մասին էր, որը խորհրդային տարիներին ծնվել է Ուկրաինայում, սակայն մեծացել Ռուսաստանում: Դրանից հետո նա աշխատել է ԱՄՆ-ում՝ զբաղեցնելով Ռուսաստանի և Եվրասիայի հարցերով փորձագետի պաշտոն:
Տեղեկատվության երկրորդ աղբյուրը 40-ամյա Օլգա Գալկինան է եղել, որը բնակվել է Պերմում: Բրիտանական ԶԼՄ-ների վստահեցմամբ՝ 2016-ի ամռանը՝ պատվերը ստանալու պահին, Գալկինան աշխատել է Կիպրոսում՝ ռուս ձեռնարկատեր Ալեքսեյ Գուբարևին պատկանող XBT հոլդինգային ընկերությունում: Բացի այդ, Գալկինան, ենթադրաբար, «կանգնած է եղել այն մեղադրանքի ետևում», որի համաձայն՝ Թրամփի փաստաբան Մայքլ Քոենը 2010 թվականի ամռանը Պրահայում հանդիպել է Ռուսաստանի հետախուզության սպաների հետ:
ՀԴԲ-ն, 2016-2017 թվականներին Թրամփի դեմ հետաքննություն էր անցկացրել: Այդ ժամանակ քննիչները փորձել էին պարզել՝ արդյոք նախագահի թեկնածուն շարունակել է համագործակցել Ռուսաստանի իշխանությունների հետ ընտրություններում հաղթանակ տանելու համար: Հետագայում նույն հարցը հետաքննել է անկախ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը, որը 2019-ի գարնանը եկել էր այն եզրակացության, որ դեպքի առնչությամբ բավարար ապացույցներ չկան: Ռուսաստանն ու Թրամփը կտրականապես հերքել են մեղադրանքները:










