Հնդկաստանում ծնողները, վախենալով վարակումից, հիվանդանոցում լքել են կորոնավիրուսով հիվանդ 2 ամսական երեխային

12:43 • 05.05.21

Հնդկաստանի Ջամու շրջանի հիվանդանոցում երեխան, որին ծնողները լքել էին կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով, մահացել է, հաղորդում է Mirror-ը` մանրամասնելով, որ ծնողները վախեցել են, որ իրենք ևս կվարակվեն։

Ինչպես մանրամասնում է պարբերականը, 2 ամսական երեխան հիվանդանոց է տեղափոխվել կիրակի վաղ առավոտյան, սակայն, դժբախտաբար, մի քանի ժամ անց մահացել է։

«Երեխան սրտի բնածին արատ և այլ խնդիրներ է ունեցել, և երեկոյան ժամը 8-ին նրա մոտ սրտի կանգ է գրանցվել»,- ասել է հիվանդանոցի բժիշկներից մեկը՝ հավելելով, որ ավելի ուշ ստացվել է երեխայի կորոնավիրուսի թեստի պատասխանը, որը դրական է եղել, ինչն էլ հիմք է տալիս ենթադրելու, որ երեխայի մահը վրա է հասել վարակի հետևանքով առաջացած բարդությունների հետևանքով։

Հիվանդանոցում հայտել են, որ երեխայի ծնողներին խորհուրդ են տվել նույնպես կորոնավիրուսի թեստ հանձնել, բայց «նրանք լսելով այդ մասին՝ փախել և այլևս չեն վերադարձել»։

Հաղորդվում է, որ ծնողները մինչ օրս չեն պատասխանում հիվանդանոցի զանգերին և չեն հետաքրքրվում իրենց երեխայով։

Վերջին տվյալներով՝ Հնդկաստանում հաստատվել է կորոնավիրուսի 20 665 148 դեպք, որոնցից 226 188-ը՝ մահվան ելքով։

Հնդկաստանում ծնողները, վախենալով վարակումից, հիվանդանոցում լքել են կորոնավիրուսով հիվանդ 2 ամսական երեխային