ՊՆ–ն նախատեսում է բանակի հրամկազմի համար պրակտիկա անցնելու հնարավորություն ստեղծել տարբեր պետությունների զորամասերում․ Վաղարշակ Հարությունյան (տեսանյութ)

17:02 • 05.05.21

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Հարություն Բաբայանն այսօր Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչպես  է լինելու բանակի մոդեռնիզացիան, Վազգեն Սարգսյան ուսումնական կենտրոնին ինչպես է անդրադառնալու։

Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ Պաշտպանության նախարարությունը նախատեսում է բանակի հրամանատարական կազմի համար պրակտիկա անցնելու հնարավորություն ստեղծել տարբեր պետությունների զորամասերում:  

«Մենք խնդիր ունենք համապատասխանեցնել այսօրվա բանակը ժամանակակից իրավիճակին: Պետք է այսօրվա հրամկազմն անցնի տարբեր պետությունների զորամասերում պրակտիկա, որպեսզի ռազմավարական օղակի սպայակազմն ունենա գիտելիքներ, որոնք օգտագործվում են տարբեր պետություններում»,- ասաց Վաղարշակ Հարությունյանը։

Նա նշեց, որ նախատեսվում է թարմացնել նաև ռազմական համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմը, ինչպես նաև կուրսանտներին սովորեցնել օգտվել ժամանակակից սպառազինությունից: «Ռուսաստանի հետ կա պայմանավորվածություն, ըստ որի, ՌԴ-ն պատրաստ է վերապատրաստման համար ընդունել անսահմանափակ թվով զինվորականների»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է ուսումնառությանը, ապա պաշտպանության նախարարի պաշտոնակատարը  համաձայնեց, որ խնդիր կա բարձրացնել այս ոլորտում ուսման գրավչությունը, և դա պետական խնդիր է։

ՊՆ–ն նախատեսում է բանակի հրամկազմի համար պրակտիկա անցնելու հնարավորություն ստեղծել տարբեր պետությունների զորամասերում․ Վաղարշակ Հարությունյան (տեսանյութ)