Ամեն ինչ պետք է անենք, որ հովիվը չգնա այդտեղ, մարդիկ չմոտենան ադրբեջանցիների դիրքերին. Վաղարշակ Հարությունյանը՝ ադրբեջանցի զինվորականների կողմից հայ հովվի բռնության ենթարկվելու մասին (տեսանյութ)

17:13 • 05.05.21

Սյունիքի մարզի Արավուս համայնքում միջադեպ էր տեղի ունեցել, երբ ադրբեջանցի երեք զինվորներ բռնության էին ենթարկել մեր քաղաքացուն: Պարզաբանեք՝ ի՞նչ է սա, ի՞նչ հետևանք է ունենալու և ի՞նչ է արվում, որպեսզի բացառվեն այսպիսի դեպքերը: Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին հարց ուղղելով՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը:

Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց, որ միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ մեր հովիվը մոտեցել է սահմանին, որտեղ էլ քաշքշուկ է տեղի ունեցել, որը հետո հարթվել է: «Ուզում եմ ձեզ հստակ ասել, որ այն սահմանները, որոնք նախատեսված էին ԽՍՀՄ-ի ժամանակ և արդեն ճանաչված անկախ Հայաստանի ժամանակ, հիմա ամբողջովին պահպանվում է: Հիմա ասեմ, որ տեղեր կան, որտեղ մերոնք 50 մետր առաջ են, կան տեղեր, որ հակառակն է և սա պայմանավորված է այն հանգամանքով, որ դիրքը հնարավոր չէ դնել այնպիսի տեղ, որ ապահովի անվտանգությունը և վերահսկողությունը»:

Գրիգորյանի ճշտող հարցին, թե ի՞նչ է արվում, որ այս դեպքերը չկրկնվեն, որովհետև հավանական է, որ նորից հովիվ մոտենա սահմանին և չպետք է մեր քաղաքացիները ստորացվեն ադրբեջանցիների կողմից՝ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը պատասխանեց.

«Ստորացվելու խնդիր չկա, բայց համապատասխան մարմինները պետք է քաղաքացիներին իրազեկեն, որ այդ դիրքերին մոտենալ պետք չէ: Սա բնական շփման գծի կյանքն է, որը եղել է և լինում է: 30 տարում դա կլինի Ղարաբաղում, թե այստեղ՝ ամենակարևորն այն է, որ չկան միջադեպեր, որոնք բերել են վիրավորներ կամ զոհեր: Այս միջադեպը կլինեն, պետք է եզրակացություն անենք և ամեն ինչ անենք, որ հովիվը չգնա և մոտենա ադրբեջանական դիրքերին»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամեն ինչ պետք է անենք, որ հովիվը չգնա այդտեղ, մարդիկ չմոտենան ադրբեջանցիների դիրքերին. Վաղարշակ Հարությունյանը՝ ադրբեջանցի զինվորականների կողմից հայ հովվի բռնության ենթարկվելու մասին (տեսանյութ)