Սնոուդենը Բլինկենին և Հարիսին քննադատել է Մամուլի ազատության օրվա կապակցությամբ տարածած շնորհավորական ուղերձների համար

13:55 • 05.05.21

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական ծառայության և Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենն ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենին և փոխնախագահ Քամալա Հարիսին քննադատել է մայիսի 3-ին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ տարածած շնորհավորական ուղերձների համար, գրում է New York Post-ը։

Սնոուդենը թվիթերյան գրառմամբ պատասխանել է Բլինկենի տարածած հաղորդագրությանը, որի համաձայն՝ «Միացյալ Նահանգները շարունակում է հանդես գալ մամուլի ազատության, ամբողջ աշխարհում լրագրողների անվտանգության օգտին»՝ մատնանշելով, որ ԱՄՆ-ն դեռևս շարունակում է «լրտեսության» համար մեղադրվող WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի՝ ԱՄՆ-ին արտահանձնման ջանքերը։

«Այս ամենն ավելի համոզիչ կհնչեր, եթե Սպիտակ տունը, չնայած մամուլի ազատության և մարդու իրավունքների բոլոր նշանակալի կազմակերպությունների խնդրանքներին, համառորեն 175-ամյա դատավճիռ չպահանջեր համաշխարհային նշանակության լրագրության համար պարգևի արժանացած լրագրողի համար»,- գրել է Սնոուդենը։

Սնոուդենը միևնույն հաղորդագրությամբ նաև պատասխանել է Հարիսի՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ տարածած շնորհավորական ուղերձին։

Նշենք, որ լրտեսության մեղադրանքով Սնոուդենի և Ասանժի դեմ ԱՄՆ-ում գործեր են հարուցված։ Սնոուդենն ապաստանել է Ռուսատանում։

Սնոուդենը Բլինկենին և Հարիսին քննադատել է Մամուլի ազատության օրվա կապակցությամբ տարածած շնորհավորական ուղերձների համար