Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերման անվտանգությունն ապահովելու համար ԱՄՆ ռազմաօդային ուժերի «B-52H Stratofortress» տիպի ևս 2 կործանիչ է տեղակայվել Քաթարում

04:27 • 05.05.21

ԱՄՆ ռազմաօդային ուժերի «B-52H Stratofortress» տիպի ևս 2 կործանիչ է տեղակայվել Քաթարում՝ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերման անվտանգությունն ապահովելու համար, հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով ամերիկյան պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունը:

«Այս կործանիչները միանալու են մյուս 4-ին, որոնք արդեն իսկ գտնվում են Էլ-Ուդեյդ ավիաբազայում Աֆղանստանից ամերիկյան և դաշնակիցների զորքերի անվտանգ դուրս բերումն ապահովելու համար»,- ասված է հաղորդագրությունում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն օրերս հայտնել էր ամերիկյան զորքերն Աֆղանստանից դուրս բերելու որոշման մասին, քանի որ ցանկանում է վերջ դնել Աֆղանստանում ամերիկյան զորքերի 20 տարվա ներգրավվածությանը:

Սպիտակ տան ղեկավարը հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) 10 հազար զինվորականներն Աֆղանստանից կվերադառնան մինչև սեպտեմբերի 11-ը, երբ ԱՄՆ-ում հիշատակեն Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման 20 տարին։

Հիշեցնենք՝ Աֆղանստանում գտնվող 2500 ամերիկացի զինվորականները, ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների 7000 զինվորականները, այդ թվում՝ 750-ը Մեծ Բրիտանիայից, աստիճանաբար Աֆղանստանից դուրս կգան մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում: Դուրս բերումը կընթանա դաշնակիցների և գործընկերների հետ լիարժեք համաձայնեցմամբ:

Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերման անվտանգությունն ապահովելու համար ԱՄՆ ռազմաօդային ուժերի «B-52H Stratofortress» տիպի ևս 2 կործանիչ է տեղակայվել Քաթարում