«ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից 3 հայ պահվող անձանց ազատ արձակումը». Բլինկենը՝ Բաքվից հայ գերիների վերադարձի մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն իր թվիթերյան պաշտոնական էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նախօրեին Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակմանը:
«ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից երեք հայ պահվող անձանց ազատ արձակումը: Մենք կոչ ենք անում երկու կողմերին էլ ամբողջությամբ և արագորեն ավարտել բոլոր բանտարկյալների, կալանավորվածների և մնացած անձանց փոխանակման գործընթացը և հարգել պահվող անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքն ապահովելու իրենց պարտավորությունները»,- գրել է Բլինկենը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, նախօերին 3 հայ գերիներ Բաքվից վերադարձվել են Երևան:
Այս առնչությամբ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել էին, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում Ադրբեջանը վերադարձրել է երեք հայ ռազմագերների: Լիահույս ենք, որ այս գործընթացը կունենա իր տրամաբանական շարունակությունն ու շուտափույթ ավարտը»:
Նշենք՝ գերիների վերադարձի մասին ավելի վաղ հայտարարել էին ադրբեջանական լրատվամիջոցները, նշվում էր, որ նրանք գերեվարվել են պատերազմի ավարտից հետո։
Հիշեցնենք՝ Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիների թիվն ընդհանուր առմամբ հասել է 72-ի:
Հայկական կողմի տվյալների համաձայն՝ Ադրբեջանում անազատության մեջ շարունակում է մնալ շուրջ 200 հայ ռազմագերի ու քաղաքացիական անձ:
The U.S. welcomes Azerbaijan's release of three Armenian detainees. We call on both parties to fully and expeditiously complete the exchange process for all prisoners, detainees, and remains, and to respect their obligations to ensure the humane treatment of detainees.
— Secretary Antony Blinken (@SecBlinken) May 5, 2021










