Նեթանյահուին տրված 28-օրյա ժամկետը լրացել է, բայց Իսրայելի գործող ղեկավարին կոալիցիոն կառավարություն ձևավորել չի հաջողվել
Իսրայելի վարչապետ, «Լիկուդ» կուսակցության ղեկավար Բենիամին Նեթանյահուն մարտի 23-ին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո 28 օր ժամանակ ուներ կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար, բայց տրված ժամկետը ավարտվել է, իսկ կառավարությունը դեռ չի ձևավորվել, հաղորդում է ТАСС-ը:
Նեթանյահուն երկրի նախագահի աշխատակազմին հայտնել է, որ չի կարողացել կառավարություն ձևավորվել, այդ իսկ պատճառով էլ այդ մանդատը նախագահին է վերադարձնում:
Այս պարագայում նախագահը բանակցություններ է սկսելու Կնեսսետում ներկայացված ուժերի հետ կառավարության ձևավորման շուրջ աշխատանքները շարունակելու նպատակով:
Իսրայելի նախագահը, ըստ երկրի օրենսդրության, եռօրյա ժամկետում կա՛մ պետք է կառավարություն ձևավորելու մանդատը խորհրդարանական ուժերի հետ քննարկման արդյունքում փոխանցի որևէ պատգամավորի, որին 28 օր ժամանակ կտրվի կառավարություն ձևավորելու շուրջ համաձայնության հասնելու փորձ կատարելու համար, կա՛մ նման թեկնածուին որոշելու լիազորություն տրամադրի Կնեսսետին: Եթե այդ դեպքում էլ ոչինչ չստացվի, ապա, ըստ օրենսդրության, Իսրայելում կրկին խորհրդարանական ընտրություններ կկայանան, և եթե լինի նման զարգացում, ապա Իսրայելում վերջին 2.5 տարում 5-րդ անգամ ընտրություններ կանցկացվեն:










