Հրամանատարական կետում տարբեր մարդիկ են եղել, ինչո՞ւ է Աննա Հակոբյանի այնտեղ լինելը որակվում որպես հանցանք. Նիկոլայ Բաղդասարյան (տեսանյութ)

14:24 • 06.05.21

Պատերազմի օրերին շատ մարդիկ են եղել Արցախի ՊԲ գլխավոր շտաբի հրամանատարական կետում և այնտեղ ընթացող աշխատանքները հնարավոր չէ խաթարել, կան տարբեր սենյակներ և շենքը բավականին մեծ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Արցախյան վերջին պատերազմի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ներկայությանը ԳՇ-ում:

«Շտաբում լինում են տարբեր մարդիկ, օրինակ ես նույնպես եղել եմ այնտեղ, երբ գնացել եմ, նաև շատ լրագրողների եմ տեսել, ինչո՞ւ չեն ասում, որ դա հանցանք է, բայց, երբ Աննա Հակոբյանն է այնտեղ եղել, դա որակվում է որպես հանցանք»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա նաև անդրադարձավ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա  հայտարարությանը և ընդգծեց, թե որևէ հիմնավորում չկա այն խոսքերի տակ, երբ ասում են, թե դավաճանել եք հայրենիքը:

«Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է տեղավորվել այն գաղափարի մեջ, որ եթե ես լինեի, ապա այսպիսի բաներ չէին լինի: Ինչ-որ մեկը կգա, հողերը հետ կբերի և երկիրը կլավացնի, ես այդ մարդու նման հռետորաբանությունը չեմ կարող մեկնաբանել»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Անդրադառնալով Արցախյան վերջին պատերազմի ելքին՝ նա ասաց․«Դուք նախընտրում եք, որ մեր զորքերը գնային, մահանային և դա ավելի նպատակահարմար էր, դա՞ էր ձեր ցանկությունը: «Ճիշտ պատերազմ վարել» տերմինաբանություն չկա, երբ մի գործընթաց է գնում, այդ գործընթացում ներառված մարդիկ, այդ թվում նաև ես, կարող ենք վրիպել, սխալվել, սակայն պետք է հասկանանք, որ պետք է քննություն իրականացվի և եթե թույլ ենք տվել սխալ, ապա պետք է ամեն մեկն իր սխալի համար պատասխանատվություն կրի, բայց ոչ այնպես, որ յուրաքանչյուր մարդ տեղից վեր կենա ու ասի՝ դու մարդասպան ես»,- նշեց պատգամավորը:

Պատգամավորը նաև անդրադարձավ Հայաստանի ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի ասուլիսի ժամանակ հնչեցված հայտարարություններին, որոնց հիման վրա նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել:

«Չի նշանակում, որ կյանքիդ մի կետում եղել ես հրամանատար, հիմա դա քեզ իրավունք է վերապահում այլ անձին ասես՝ դու սխալ ես թույլ տվել։ Մովսես Հակոբյանը նախկինում էլ է լավ գիտակցել ու գիտակցում, որ այդ արտահայտությունն անելու համար անհրաժեշտ է քննություն կատարել, ինչպես նմանատիպ գործեր ենք ունեցել, նաև իր ղեկավարման օրոք եղել են պատահարներ, ինչո՞ւ ոչ մեկս չկանգնեցինք և չասացինք՝ դու ես եղել հրամանատարը ու դու պետք է պատասխանատվություն կրես»,- հավելեց պատգամավորը:

Նա նաև ընդգծեց՝ եթե կա պետական գաղտնիք և անգամ հանրային շահ, միևնույն է՝ պետական գաղտնիքի հրապարակումը քրեորեն պատժելի է: «Կասկածո՞ւմ եք, որ հնարավոր է պատերազմի մանրամասները բացահայտվեն, չի կարող չբացահայտվել, քանի որ մասնակցել են հազարավոր մարդիկ, և վարչապետի կողմից չեն օպերացիաները իրականացվել և պլանավորվել»,- նշեց նա:

Հրամանատարական կետում տարբեր մարդիկ են եղել, ինչո՞ւ է Աննա Հակոբյանի այնտեղ լինելը որակվում որպես հանցանք. Նիկոլայ Բաղդասարյան (տեսանյութ)