Տուրիստական ընկերությունների ներկայացուցիչները ակցիա արեցին բանկերից մեկի մոտ՝ պահանջով՝ բանկերը պետք է վերանայեն վարկերի տոկոսադրույքները (տեսանյութ)

11:47 • 06.05.21

«VTB» բանկի գլխավոր շենքի դիմաց՝ Սարյան փողոցում, հավաքվել են տուրիստական ընկերությունների ներկայացուցիչները։ Նրանք փակել են Սարյան փողոցը՝ նշելով՝ համավարակի պատճառով խնդիրներ են առաջացել իրենց աշխատանքում, պետությունը խոստացել է, որ պետք է վերանայի տոկոսադրույքները, քանի որ իրենք բանկերից բավական գումարներ են վերցրել աշխատանքը իրականացնելու համար, իսկ համավարակի պատճառով չեն կարողացել և հետևաբար մարել վարկերը: Նշեցին, որ Էկոնոմիկայի նախարարությունից նրանց վստահեցրել են, որ կվերանայվեն տոկոսադրույքները, սակայն բանկերը նրանց չեն ընդառաջել և հաշվի չեն առել որոշումը:

Լրագրողների հետ զրույցում տուրիստական ընկերության ներկայացուցիչ Արմեն Աբգարյանը նշեց՝ պետք չէ հարվածել այն ճյուղերին, որոնք վաղը դժվար է լինելու վերականգնել, իսկ տուրիստական ընկերության ներկայացուցիչները չեն կարող այդքան սպասել:

«Մենք մատակարար ենք, մենք մատաղի գառներ չենք, այս մի քանի մեքենան, որ դուք տեսնում եք, մենք 500-ից ավելի մեքենաներ, ավտոբուսներ և սպրինտերներ ունենք, հաստատ չենք սպասելու, որ հերթով մատաղի պես բոլորին մորթեն, և պատրաստ ենք պայքարել մինչև վերջ ու մեր իրավունքները պաշտպանել, մենք ոչ թե անպարտաճանաչ տնտեսվարողներ ենք և վարկառուներ, որոնք չեն կարողանում մարել իրենց վարկերը, այլ երկրի վիճակն է այսպիսին, ամբողջ աշխարհում է լոքդաուն»,- ասաց Արմեն Աբգարյանը:

Նա նաև նշեց՝ բանկերը մոտ մեկ տարի առաջ զանգահարում և խնդրում էին, որ օգտվեն հենց իրենց ծառայություններից, իսկ հիմա չեն ընդառաջում՝ լավ գիտակցելով՝ այս բարդույթները ժամանակավոր են, և որոշ ժամանակ անց տուրիզմը կրկին կդառնա կարևոր ոլորտ:

«Այստեղ են տուրիստական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք զբաղվում են զբոսաշրջությամբ և վերջին 10 տարիների մեր աշխատանքի, բանկերի և անձնական միջոցների շնորհիվ հասել ենք նրան, որ տարածաշրջանում մեր տրանսպորտային պարկը ամենազարգացածն ու արդիականը լինի, բայց հիմա կան ժամանակավոր բարդություններ, և բանկերը որոշել են, որ շերեփի մեջ խավիարը պակասել է և ցանկանում են արդեն բնակարանները վաճառել, որպեսզի լրացնեն իրենց տոկոսները: Այստեղ 2-3 շաբաթ սպասելու խնդիր էր, ոչ ավելի, բայց չեն ցանկանում օգնել»,- հավելեց նա:

Արմեն Աբգարյանը նաև ընդգծեց՝ կառավարության մոտեցումը ծրագրի շրջանակում ևս խտրական է, քանի որ դրված են չափորոշիչներ, որոնց պատճառով շատ ընկերություններ չեն կարողանում ծրագրից օգտվել:

«Բոլորը սպասարկող ոլորտից են և բանկային տվյալներով ցույց են տալիս, որ իրոք տուրիզմի ոլորտից են, նախորդ նախարարն ասեց՝ 14 միլիարդ դրամի մասին է խոսքը, 7 միլիարդ՝ տուրօպերատորներին, 7 միլիարդը՝ տրանսպորտային ընկերություններին, այսքանով սահմանափակվել են: Եթե մեր ձայնը լսելի չլինի, հաջորդ անգամ ամբողջ քաղաքը կփակենք 500 տրանսպորտով»,- նշեց նա:

Անհատ ձեռնարկատեր Արսեն Բենիամինյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց՝ «VTB» բանկը չի գնում որևէ փոխզիջման, նրանց նամակ է ուղարկվել  նախարարությունից, Կենտրոնական բանկից, բայց միևնույն է ոչ մի փոխզիջում չկա:

«Նամակ են ուղարկել բանկին՝ սպասեք և նոր ծրագրով, ովքեր դուրս են մնացել և հիմա հնարավորություն ունեն նորից ծրագրի մեջ մտնելու կկարողանան օգտվել, բայց բանկը ոչ մի փոխզիջման չի գնում՝ տույժեր, տուգանքներ և այլն»,- ասաց Բենիամինյան Արսենը:

Տուրիստական ընկերության ներկայացուցիչները նշեցին՝ բանկի տնօրենը տեղում չէ, բայց տեղակալը պատրաստ է հանդիպել և քննարկում ունենալ ներկայացուցիչների հետ:

«Հարգելի կառավարություն, այս մարդկանց ստեղծած աշխատանքի միջոցով, հարկերի հիման վրա եք դուք ստանում աշխատավարձ և պարգևավճար, ավելի ուշադիր եղեք տնտեսվարողների խնդիրներին»,- նշեց տուրիստական ընկերության ներկայացուցիչներից մեկը:

 

 

Տուրիստական ընկերությունների ներկայացուցիչները ակցիա արեցին բանկերից մեկի մոտ՝ պահանջով՝ բանկերը պետք է վերանայեն վարկերի տոկոսադրույքները (տեսանյութ)