Առաջիկա ԱԺ ընտրություններին ժողովուրդն է հենց գնահատական տալու նրանց. Արմեն Գրիգորյանը՝ պաշտոնաթող 3 նախագահների մասին (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը՝ որպես վարչապետ, իմ ղեկավարն է, և ես առաջնորդվում եմ նրա հայտարարություններով: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Հարցին, թե համամիտ է Նիկոլ Փաշինյանի ասածին, երբ դիմելով առաջին, երկրորդ, երրորդ նախագահներին, ասել է՝ կապիտուլյանտը դուք եք, հողատուն դուք եք, դավաճանը դուք եք, Արմեն Գրիգորյանն ասաց՝ միանշանակ: «Վարչապետն ամբողջությամբ մանրամասն ներկայացրել է, դրանից առաջ հիմնավորումներ է ներկայացրել»,- ասաց նա։
«Ադրբեջանը շարունակաբար, օրինակ, ռազմական բյուջե էր ավելացնում, Հայաստանն այդ ուղղությամբ գրեթե ոչ մի քայլ չէր անում: Մենք շուտով կհրապարակենք 2018-2020 թվականին ի համեմատություն 2016-2018 թվականներին մեր իշխանություններն ինչեր են արել, գրեթե բոլոր ուղղություններով մենք սպառազինություն ենք ավելացրել, պարտվել ենք, որովհետև անցած մյուս 10-20 տարիներին նույն կերպով աշխատանք չի տարվել»,-ասաց նա:
Խոսելով երկրորդ և երրորդ նախագահներին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համագործակցության առաջարկի մասին՝ Արմեն Գրիգորյանը նախ նկատեց, որ պատերազմի ընթացքում էլ նման հանդիպման ֆորմատ եղել է:
«Այդ ժամանակ և հետո մեղադրեցին վարչապետին, որ չստացվեց իրենց համագործակցությունը և համագործակցության չստացվելու մեղավորը վարչապետն է: Կարծում եմ, որ խնդիրը որևէ մեկ անձ չէ այդ եռյակից դուրս, այլ հենց իրենք են և իրենց անհաջողությունները, իրենց համագործակցության ֆորմատի անհաջողությունները միշտ փորձելու են բարդել ուրիշների վրա»,-ասաց նա:
Արմեն Գրիգորյանը նշեց, որ առաջիկա ԱԺ ընտրություններին ժողովուրդն է հենց գնահատական տալու նրանց: «2018 թվականին մի գնահատական տրվել է Հանրապետականին, 2017 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ուժը գնահատական ստացել է, Սերժ Սարգսյանը 2017 թվականին 770,000 ձայն է խփում, իսկ ուղիղ 1.5 տարի անց ստացել է 59,000 ձայն և կարծում եմ, որ ամբողջ գնահատականը այստեղ է: Մարտի 25-ին, երբ հանդիպել են, հայտարարել են, որ Արցախի համար են հանդիպել, բայց վերջում պարզվել է, որ հանդիպել են ցուցակ ճշգրտելու համար և հետագայում էլ կորոնավիրուսի հետ հիվանդությունների հետ կապված էլի անձնական հանդիպումների արդյունքում նույնիսկ ինքնամեկուսացում է եղել»,- ասաց նա:










