Կայացավ ԵՊՀ-ի գիտխորհուրդի նիստը, որի օրակարգում էր ԵՊՀ կանոնադրությունում արված փոփոխության հարցը (տեսանյութ)

15:34 • 06.05.21

ԵՊՀ գիտական խորհուրդը 48 կողմ, 2 դեմ և 8 ձեռնպահ ձայներով կողմ արտահայտվեց հայտարարության հրապարակմանը, որը վերաբերում է ՀՀ կառավարության կողմից ԵՊՀ կանոնադրության մեջ արված փոփոխության հարցին, որով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմում նվազեցվում է պրոֆեսորադասախոսական կազմի համամասնությունը։

Նիստի սկզբում ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը ներկայացրեց արտահերթ նիստ հրավիրելու դրդապատճառները նշելով՝ գիտխորհուրդը ստեղծված իրավիճակում պարտավոր էր արձագանք տալ:

«Այսօր ՄԻՊ-ի տարեկան զեկույցը ԱԺ-ում ցույց տվեց պատրաստակամությունը դիմելու ՍԴ՝ նաև այս օրենսդրական ակտի սահմանադրականությունը վիճարկելու պահանջով, որպեսզի կասեցվի դրա կատարումը, կամ արգելանք դրվի դրա կատարման վրա, մինչև հարցի քննությունը և այդ համընկնումը ուղղակի պայմանավորված է այն ակնհայտ բացթողումներով, թերացումներով, որ տեղ է գտել այս գործընթացում»,- ասաց Գագիկ Ղազինյանը:

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հավելեց՝ կա դիրքորոշում՝ վիճարկել կամ չվիճարկել որոշումը, բայց գործընթացի տրամաբանությունը ցույց է տալիս, որ պետք է վիճարկել նաև անդրադարձ կատարեց իր հրաժարականին:

«Հոգաբարձուների խորհրդի ճգնաժամը կար անկախ իմ հրաժարականի դիմումից, ես տեղյակ չեմ եղել կառավարության անդամների քայլերից և ոչ-ոք տեղյակ չի եղել իմ քայլի մասին, և բոլորի համար դա եղել է անակնկալ: 46 տարի է ես համալսարանում եմ և երբևէ չեմ արել այնպիսի քայլ, որը կվնասի համալսարանին: Ես չեմ հանձնում համալսարանը քանդված, այլ հանձնում եմ ինչ-որ դրական բաներ արած»,- ասաց Գեղամ Գևորգյանը:

ԵՊՀ ռեկտորի ժամակավոր պաշտոնակատարը նշեց՝ չի պատրաստվում դիմել վարչական դատարան, չնայած խորհդրի անդամները կողմ են դատարան դիմելուն: Գիտխորհուրդը նաև քվեարկեց հայտարարության 2 առաջարկին՝ դիմել Մարդու իրավունքների պաշտպանին Սահմանադրական դատարանում Կառավարության նշված որոշման սահմանադրականությունը անհապաղ վիճարկելու խնդրանքով և միջոցներ ձեռնարկել դիմելու Վարչական դատարան՝ վիճարկելու համար  Կառավարության որոշման իրավաչափությունը:

Նիստի ավարտին Գեղամ Գևորգյանը ընդգծեց՝ չնայած որոշման կայացմանը նա միևնույն է չի պատրաստվում դիմել վարչական դատարան:

Կայացավ ԵՊՀ-ի գիտխորհուրդի նիստը, որի օրակարգում էր ԵՊՀ կանոնադրությունում արված փոփոխության հարցը (տեսանյութ)