Երևանի Բաբաջանյան փողոցում 36-ամյա կինը ավտոմեքենայի մեջ վիճաբանել է իրեն ծանոթ տղամարդու հետ, ապա ատրճանակից կրակոցներ արձակել. shamshyan.com

23:45 • 07.05.21

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 6-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 4-րդ բաժանմունքի և ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի մոտից խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել նույն վարչական շրջանի բնակիչ,  36-ամյա Լուսինե Կ.-ին: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ Երևան քաղաքի ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյաները հավաստի են եղել, իսկ այդ տեղեկություններով՝ մայիսի  5-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում Բաբաջանյան փողոցի շենքի բակում Լուսինե Կ.-ն իրեն ծանոթ տղայի հետ ավտոմեքենայի սրահում վիճաբանել է, ապա նրան վախեցնելու նպատակով իր մոտ եղած ատրճանակից մի քանի անգամ կրակոցներ է արձակել: Տուժածներ չկան: Ոստիկանները հայտնաբերել են նաև ատրճանակը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ այդ տղայի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Երևանի Բաբաջանյան փողոցում 36-ամյա կինը ավտոմեքենայի մեջ վիճաբանել է իրեն ծանոթ տղամարդու հետ, ապա ատրճանակից կրակոցներ արձակել. shamshyan.com