Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ, միգուցե, կրկին կորոնավիրուսով է վարակվել
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հայտարարել է, որ, միգուցե, վերջերս կրկին կորոնավիրուսով է վարակվել, հաղորդում է ТАСС-ը:
«Մի քանի օր առաջ հնարավոր կրկնավարակման ախտանշաններ նկատեցի: Դեղամիջոց ընդունեցի, որից հետո ամեն բան կարգավորվեց»,- ասել է Բոլսոնարուն՝ չհստակեցնելով՝ արդյո՞ք բժշկակական ախտորոշիչ հետազոտություններ անցել է, թե ոչ:
Բոլսոնարուն առաջին անգամ վարակվել էր կորոնավիրուսով նախորդ տարվա հուլիսին: Այդ ժամանակ հայտնել էր, որ իր կորոնավիրուսի թեստը դրական պատասխան ունի, և սկսել էր հիդրոքսիքլորոքուին ընդունել բուժման նպատակով, որից ժամեր անց, ինչպես ինքն էր հայտարարել, առողջական վիճակը բարելավվել էր:
Ավելի ուշ Առողջապահության միջազգային կազմակերպությունը դադարեցրել էր հիդրոքսիքլորոքուինի կիրառումը կորոնավիրուսի բուժման նպատակով՝ հայտարարելով, որ, ըստ հետազոտությունների արդյունքների, այն բուժման ընթացի վրա դրական ազդեցություն չի գործում:










