ԸՕ այս փոփոխությունները չեն տարածվում ԱԺ արտահերթ ընտրությունների վրա, իսկ 24–ժամյա ռեժիմով դրանք ընդունելը խնդրահարույց կլինի. Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱԺ պետական–իրավական հանձնաժողովի վերջնական եզրակացությանը ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին:
«Այսօր ընդունվելիք նախագծի որևիցե կարգավորում չի տարածվելու արտահերթ ընտրությունների վրա, ինչը, բնականաբար, խնդրահարույց է և ինքնին խնդրահարույց է դարձնում այս նախագիծը 24-ժամյա ռեժիմով ընդունելը, այն հիմնավորված կլիներ, եթե նախագիծը կամ դրա գոնե որոշ կարգավորումներ տարածվեին 45 օր հետո նախատեսված ընտրությունների վրա»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:
Նա նաև տեղեկացրեց՝ օրենքի նախագիծը տարածվելու է աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրությունները վրա:
«Կարող էինք հանգիստ ռեժիմով քննարկել, անցկացնել խորհրդարանական լսումներ, և, ի վերջո, մայիսի 10-ին խորհրդարանը չի լուծարվում, շարունակելու է գործել մինչև հաջորդ խորհրդարանի գումարումը և կարող էր ընդունել սովորական ռեժիմով, այդ թվում՝ քննարկելով բազմաթիվ կարգավորումներ, որոնք կային նախագծի սկզբնական տարբերակում, որոնք արժանացել էին Վենետիկի հանձնաժողովի օրհնությանը»,-նշեց նա:
Հասարակական գործիչը հավելեց՝ թեև Ընտրական օրենսգրքի այս փոփոխությունները ողջունելի են, այնուհանդերձ, կա 3 խնդիր:
«Առաջին, որ փոփոխությունները չեն տարածվելու առաջիկա ընտրությունների վրա, բայց դրանք ազդելու էին արտահերթ ընտրությունների որակի վրա, այսինքն՝ կանխելու էին բազմաթիվ տեսակի խախտումներ, խնդիրներ։ Երկրորդը՝ մի շարք կարգավորումներ դուրս եկան և ուժի մեջ չեն մտնի ո՛չ հիմա, ո՛չ հետո։ Եվ երրորդը՝ հրատապության ռեժիմով է քննարկվում և պատշաճ քննարկումների ժամանակ չմնաց: Ես, անկեղծ ասեմ, նախագծի վերջնական տեսքը չեմ կարողացել նայել»,- հավելեց նա:
Նշենք, որ այս նախագծով առաջարկվում են փոփոխություններ, որոնցով երաշխավորվում է համամասնական ընտրակարգի բարեփոխումը և վերացվում է տարածքային ընտրական ցուցակների միջոցով ընտրությունների անցկացման հնարավորությունը:










