Աբասը կոչ է անում հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ Արևելյան Երուսաղեմում տիրող իրավիճակի հարցով

02:33 • 08.05.21

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ուրբաթ կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել Արևելյան Երուսաղեմի իրավիճակի վերաբերյալ, որտեղ շարունակվում են բախումները պաղեստինցիների և իսրայելական անվտանգության ուժերի միջև: Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը, գրում է ТАСС-ը:

«Ես ՄԱԿ-ում մեր դեսպանորդին՝ Ռիադ Մանսուրին, հանձնարարել եմ նախաձեռնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ` Երուսաղեմի վերաբերյալ համապատասխան որոշումներ կայացնելու համար: Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը մեր ժողովրդի և մեր սրբությունների դեմ ագրեսիան դադարեցնելու համար ստանձնել ամբողջ պատասխանատվությունը», - գործակալությունը մեջբերում է Աբասի խոսքերը:

Բացի այդ, ըստ WAFA-ի, Պաղեստինի առաջնորդը հանձնարարել է երկրի արտգործնախարար Ռիադ ալ-Մալիքին Արաբական լիգային, Իսլամական համագործակցության կազմակերպությանը և Մարդու իրավունքների խորհրդին կոչ անել «անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Երուսաղեմը պաշտպանելու համար», ինչպես նաև պաշտպանել «պաղեստինցիների իրավունքները և նրանց սրբավայրերը»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր WAFA- ն, ոստիկանությունը ռետինե փամփուշտներով կրակ է բացել մզկիթի ծխական համայնքի ուղղությամբ, ինչպես նաև օգտագործել լուսաձայնային նռնակներ: Ականատեսների խոսքով՝ 23 մարդ հոսպիտալացվել է: Ամենադաժան բախումները, ըստ WAFA-ի, շարունակվում են Արևելյան Երուսաղեմի Շեյխ Ջարրահ արվարձանում:

Այս պահին, ըստ գործակալության, Իսրայելի անվտանգության ուժերը արգելափակում են դեպի Ալ-Աքսա մզկիթ տանող դարպասները: «Կարմիր կիսալուսնի» թվիթերյան հաղորդագրության համաձայն՝ Իսրայելի անվտանգության ուժերի հակադրության պատճառով, «իրենց շտապօգնության մեքենաները չեն կարողանում հասնել Երուսաղեմ վիրավոր պաղեստինցիներին հրատապ օգնություն ցուցաբերելու համար»: