Երուսաղեմում անկարգությունների հետևանքով տուժածների թիվը հասել է 205-ի. կիրառվել են ռետինե փամփուշտներ և ձայնային նռնակներ

11:53 • 08.05.21

Երուսաղեմի արևելքում պաղեստինցիների և իսրայելական անվտանգության ուժերի միջև բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 205-ի:

Այս մասին գրում է kommersant.ru-ն՝ վկայակոչելով Կարմիր մահիկի տվյալները:

Բախումների հետևանքով 205 պաղեստինցի է վիրավորվել, 88 մարդ հոսպիտալացվել է, իսկ մնացածներին տեղում ցուցաբերվել է բժշկական օգնություն: Կարմիր մահիկի տվյալներով՝ վնասվածքների մեծ մասն առաջացել է ռետինե փամփուշտների հետևանքով: 

Նշվում է՝ բախումները սկսվել են Տաճարի լեռան վրա, իսկ ավելի ուշ՝ Շեյխ Ջարահ թաղամասում: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը կոչ է արել Արևելյան Երուսաղեմում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ուրբաթ Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթի մոտ իսրայելական ոստիկանության և պաղեստինցիների միջև բախումներ են տեղի ունեցել: Իրավապահները ռետինե փամփուշտներով կրակ են բացել մզկիթի ծխական համայնքի ուղղությամբ, ինչպես նաև օգտագործել են ձայնային նռնակներ:

Երուսաղեմում անկարգությունների հետևանքով տուժածների թիվը հասել է 205-ի. կիրառվել են ռետինե փամփուշտներ և ձայնային նռնակներ