Նախարար Դումանյանը այսօր ինքնախոստովանական ցուցմունք տվեց, որ իրենք են հորդորել Հոգաբարձուների խորհրդի անդամներին դիմում գրել և հրաժարվել անդամակցությունից․ Արմեն Ավետիսյան (տեսանյութ)

16:46 • 10.05.21

Գիտական խորհրդի վերջին նիստի ժամանակ առաջարկեցի հանդիպում կազմակերպես նախարարի հետ, քանի որ խորհրդի անդամների մոտ բազմաթիվ հարցեր էին առաջացել։ Սակայն հանդիպումը ցույց տվեց, որ նախարարը եկել էր ոչ թե հարցերին պատասխանելու, այլ հարցերն էլ ավելի շատացնելու։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ Գիտական խորհրդի անդամ Արմեն Ավետիսյանը՝ անդրադառնալով այսօր ԵՊՀ-ում նախարար Վահրամ Դումանյանի և հետ կայացած հանդիպմանը։

«Այս գիտական խորհրդում նախարարի ներկայությունը համալսարանական ճգնաժամը բացարձակապես չհաղթահարեց, այլ ավելի խորացրեց, քանի որ հարցերը էլ ավելի շատացան։ Եթե այսքան ժամանակ մենք մտածում էինք, որ այնուամենայնիվ Խորհրդի անդամների մի մասը իրենց ցանկությամբ է հրաժարվել խորհրդի անդամակցությունից, ապա նախարարը այսօր ինքնախոստովանական ցուցմունք տվեց՝ ասելով, որ այս, խորհրդակցել ենք, ասել ենք, դրա համար այդ մարդիկ հրաժարական են տվել։ Պատճառն էլ եղել է այն, որ մթնոլորտը տհաճ է եղել, դրա համար որոշել են ցրել Հոգաբարձուների խորհուրդը։ Շատ ներողություն, հիմա ԵՊՀ Հոգաբարձուների խորհուրդը կառավարվում է հանուն համալսարանի, թե հանուն Հոգաբարձուների խորհրդի իշխանական անդամների քիմքին  հաճո լինելուն։ Իրենց համար հաճելի կլինեն այն նիստերը, որտեղ համալսարանական անդամները ձայն չեն հանի, իրենք էլ ում ցանկանան կընտրեն նախագահ, ում կուզեն կընտրեն ռեկտոր։ Ուզում եմ հիասթափեցնել իշխանություններին, որ նման ձևով չի լինելու, ում էլ ուզում են բերեն, ինչ էլ անեն, ԵՊՀ-ն հայտնելու է իր դիրքորոշումը»։

Ավետիսյանը շեշտեց, որ իշխանությունները արդեն չեն թաքցնում այն, որ խորհուրդ են ձևավորելու և լուծարելու այնքան ժամանակ, մինչև իրենց նախընտրած թեկնածուն կդառնա Հոգաբարձուների խորհրդի նախագահ և ԵՊՀ ռեկտոր։

« Իրենք փորձում են անել ամեն ինչ, որ ԵՊՀ-ն դառնա իշխանության կամակատար։ Բայց ես վստահեցնում եմ որպես ԵՊՀ դասախոս, որպես Գիտական խորհրդի անդամ, որ ԵՊՀ-ում կան բազմաթիվ սկզբունքային դասախոսներ, ուսանողներ, աշխատակիցներ, որոնք թույլ չեն տալու իրականացնել այդ դիվային ծրագիրը»։

Հարցին՝ ինչպես է տեսնում քննարկումները ռացիոնալ դաշտ բերելը և առկա ճգնաժամը լուծելու ուղիները, Ավետիսյանը շետեց, որ ռացիոնալ դաշտ գալու համար գոյություն ունի օրենսդրություն և պետք է շարժվել դրանով։

«Օրենսդրությունը հստակ սահմանում է, թե ինչ կարգով է ձևավորվում Հոգաբարձուների խորհուրդը, ինչ կարգով է ընտրվում ռեկտոր, հեծանիվ հորինել պետք չէ, պարզապես պետք է հետևել օրենքին։ Իսկ օրենքին հետևելը իրենց ձեռք չի տալիս, քանի որ այդ պարագայում Հոգաբարձուներրի խորհրդի նախագահ կամ ռեկտոր կարող են ընտրվել մարդիկ, ովքեր իրենց սրտով չեն»։

Արմեն Ավետիսյանը շեշտեց, որ իշխանությունները ի սկզբանե նպատակադրված քայլերով են հասել այս իրավիճակին, որպեսզի ստեղծված ճգնաժամը լուծելու պարտադրանքով  նշանակեն ռեկտոր։

« Չի՛ լինելու նման բան, այդ ոսկորը իրենց կոկորդին է մնալու, ԵՊՀ-ն նման բան թույլ չի տալու, դա իրենց համար անհասանելի երազանք կլինի»։

 

Նախարար Դումանյանը այսօր ինքնախոստովանական ցուցմունք տվեց, որ իրենք են հորդորել Հոգաբարձուների խորհրդի անդամներին դիմում գրել և հրաժարվել անդամակցությունից․ Արմեն Ավետիսյան (տեսանյութ)