Ֆրանսիայի իշխանություններն արձագանքել են գործող զինվորականների նոր նամակի հրապարակմանն` այն «քաղաքականացված» անվանելով  

11:29 • 10.05.21

Ֆրանսիայում ծառայության մեջ գտնվող զինվորականներից կառավարությանն ուղղված դիմում-խնդրագիրը քաղաքականացված է և իրականում ուղղված է կարգի տապալմանը և ոչ թե պաշտպանությանը: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով Sud Radio ռադիոյին, նման կարծիք է հայտնել երկրի տնտեսության, ֆինանսների և վերականգնման նախարարությանը կից արդյունաբերության հարցերով նախարար-պատվիրակ Անյես Պանյե Ռյունաշեն:

«Դա անանուն դիմում է, այնպես որ մենք չգիտենք, թե ումից է այն գալիս:  Բացի այդ, դա քաղաքական տեքստ է, որը հակասում է զինվորական ծառայության սկզբունքներին»,- հայտարարել է Պանյե Ռյունաշեն:

Պաշտոնյայի խոսքով` նոր նամակի հեղինակները «օգտագործում են ծայրահեղ աջ ուժերի եզրույթները, ինչպես որ վարվում է Մարին Լե Պենի ղեկավարած «Ազգային ճակատ» կուսակցությունը:

«Փաստեր նշելը մի բան է, իսկ անկարգությունների կոչ անելը կարգը պաշտպանելու պատրվակով` այլ բան, ինչը հաստացվում է տվյալ խնդրագրի տողատակերում»,- վստահ է նախարար-պատվիրակը:

Վերջինս նշել է, որ անվտանգության հարցն արդիական է նախևառաջ համեստ եկամուտ ունեցողների համար, քանի որ հենց նրանք են ամենից հաճախ բախվում նման խնդիրների: Նա վստահեցրել է, որ կառավարությունն անում է ամեն ինչ իր քաղաքացիներին պաշտպանելու համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆրանսիական Valeurs actuelles շաբաթաթերթը հրապարակել էր Ֆրանսիայի գործող զինվորականների խմբի ուղերձը, որոնք հանդես են եկել ի պաշտպանություն պաշտոնաթող գեներալների՝ երկրի իշխանություններին ավելի վաղ հղած բաց նամակի: Պաշտոնաթող գեներալները, իրենց հերթին, երկրի նախագահ Էմանուել Մակրոնին նախազգուշարել էին երկրի անվտագությանը սպառնացող խնդիրների մասին:

Նոր նամակի հեղինակները, որոնց անունները չեն նշվում, դատապարտել են ֆրանսիական իշխանությունների արձագանքը պաշտոնաթող գեներալների՝ երկրում իսլամիստների պատճառով գոյություն ունի քաղաքացիական պատերազմի ռիսկի մասին նամակին։

Ֆրանսիայի իշխանություններն արձագանքել են գործող զինվորականների նոր նամակի հրապարակմանն` այն «քաղաքականացված» անվանելով