ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի Արևելյան Երուսաղեմում առկա իրավիճակը

13:27 • 10.05.21

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր նիստ կանցկացնի Արևելյան Երուսաղեմում առկա լարվածության վերաբերյալ մասնավոր քննարկման համար, հայտնում է Al Arabiya լրատվականը։

Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն ստեղծված իրավիճակը կայունացնելուն ուղղված քայլերը: Նիստը նախաձեռնել են Թունիսը, Իռլանդիան, Չինաստանը, Էստոնիան, Ֆրանսիան, Նորվեգիան, Նիգերիան, Վիետնամն ու Սենթ Վինսենթ և Գրենադինները։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը կոչ էր արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել Արևելյան Երուսաղեմում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Նա նաև հայտնել է, որ մտադիր է դիմել Արաբական պետությունների լիգա, Իսլամական պետությունների համագործակցություն և Մարդու իրավունքների խորհրուրդ «Երուսաղեմը պաշտպանելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու և պաղեստինցիների, նրանց սրբավայրերի պաշտպանության նպատակով»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Իսրայելին կոչ է արել «առավելագույն զսպվածություն ցուցաբերել և հարգել խաղաղ հավաքների ազատության իրավունքը Արևելյան Երուսաղեմում»։ Գլխավոր քարտուղարը նաև իր խորը մտահոգությունն է հայտնել Արևելյան Երուսաղեմում շարունակվող բռնությունների, «ինչպես նաև պաղեստինցի ընտանիքներին իրենց տներից վտարելու» կապակցությամբ:

Հիշեցնենք, որ Արևելյան Երուսաղեմում իրավիճակը սրվել է անցնող ուրբաթ և հանգստյան օրերին իսրայելական ոստիկանության և պաղեստինցիների միջև բախումների հետևանքով զոհվել է 17, վիրավորվել մոտ 300 մարդ, այդ թվում ՝ 29 երեխա, որոնց գլխի և ողնաշարի վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի Արևելյան Երուսաղեմում առկա իրավիճակը