Երուսաղեմում իսրայելցիների և պաղեստինցիների բախման հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդ (լուսանկարներ)

12:44 • 10.05.21

Միացյալ Նահանգները լուրջ մտահոգություն է հայտնել Արևելյան Երուսաղեմում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, հայտնում է Al Jazeera լրատվականը և հավելում, որ ԱՄՆ-ի մտահոգությունները հաջորդել են Արևելյան Երուսաղեմի Շեյխ Ժարրահ շրջանից պաղեստինցիների բռնի արտաքսմանն ու Պաղեստինի Կարմիր մահիկի հայտարարությանը, որի համաձայն` խաղաղ ցույցերի ընթացքում զոհվել է առնվազն 17 մարդ, այդ թվում՝ 1 բուժաշխատող։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Երուսաղեմում բողոքի ակցիաներ էին սկսվել այն բանից հետո, երբ Գազայում մուսուլմանների Սուրբ Ռամադան ամսվա ընդհանուր աղոթքն արգելվել էր՝ այն բացատրելով կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու մտադրությամբ։ Այս կապակցությամբ բողոքի ակցիաներ էն սկսվել Արևելյան Երուսաղեմում՝ վերաճելով անկարգությունների ալիքի։

Անցած հանգստյան օրերին Երուսաղեմում վիրավորվել է մոտ 300 մարդ, և ենթադրվում է, որ այսօր բախումներն ավելի շատ կլինեն, քանի որ այսօր Իսրայելը նշում է «Երուսաղեմի օրը»։ Սա այն օրն է, երբ 1967 թվականին Իսրայելւ վերահսկողություն է սահմանել Արևելյան Երուսաղեմի նկատմամբ։

Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քադեմին ասել է, որ վիրավոր պաղեստինցիներն իրավունք ունեն Շեյխ Ժարրայում մնալու և դատապարտել է Իսրայելի կողմից իրականացված բռնությունը։ Իրաքը դատապարտել է Պաղեստինի ժողովրդի դեմ իրականացված բոլոր հանցագործությունները և մուսուլմանական համայնքին իրենց սրբավայրեր մուտք գործել արգելելը։

«Պաղեստինյան թաղամասերը, որոնք պատմականորեն իրենց են պատկանում և պետք է պաշտպանվեն», - ասել է Իրաքի վարչապետը։

Վերջին բախումների ընթացքում իսրայելցիները հայտարարել են, որ հարվածներ են հասցրել Գազայում տեղակայված ՀԱՄԱՍ-ի մի քանի դիրքերի՝ ի պատասխան խմբավորման կողմից Իսրայելի հարավային շրջաններ արձակված 4 հրթիռների և պայթուցիկների։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն Իսրայելին կոչ է արել «առավելագույն զսպվածություն ցուցաբերել և հարգել խաղաղ հավաքների ազատության իրավունքն Արևելյան Երուսաղեմում»։ Գլխավոր քարտուղարը նաև իր խորը մտահոգությունն է հայտնել Արևելյան Երուսաղեմում շարունակվող բռնությունների, «ինչպես նաև պաղեստինցի ընտանիքներին իրենց տներից վտարելու» կապակցությամբ:

Այս կապակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր հանդիպում կանցկացնի՝ Արևելյան Երուսաղեմում առկա լարվածության վերաբերյալ մասնավոր քննարկման համար։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը կոչ էր արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել Արևելյան Երուսաղեմում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Նա նաև հայտնել է, որ մտադիր է դիմել Արաբական պետությունների լիգա, Իսլամական պետությունների համագործակցություն և Մարդու իրավունքների խորհրուրդ «Երուսաղեմը պաշտպանելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու և պաղեստինցիների, նրանց սրբավայրերի պաշտպանության նպատակով»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, ՄԱԿ-ը և ԵՄ-ն համատեղ հայտարարությամբ մտահոգություն են հայտնել վերջին օրերին Արևելյան Երուսաղեմում իրավիճակի սրման և Տաճարի լեռան շրջակայքում անկարգությունների կապակցությամբ։

«Իսրայելի իշխանություններին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք սպառնում են իրավիճակի հետագա սրմամբ մահմեդականների համար սրբազան Ռամադան ամսվա ընթացքում: Կոչ ենք անում բոլոր կողմերին հավատարիմ մնալ սրբավայրերի առնչությամբ առկա ստատուս-քվոյին: Կողմերի ղեկավարությունները պատասխանատվություն են կրում ծայրահեղականներին և բռնության ցանկացած դրսևորումներին հակազդելու առումով: Այս իմաստով քառյակը կոչ է անում հավատարիմ մնալ երկու պետության ստեղծման մոդելով հակամարտության կարգավորմանը խաղաղ բանակցությունների միջոցով հասնելուն»,- ասված է միջնորդների հայտարարությունում:

Նշենք, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով` 29 պաղեստինցի երեխա է վիրավորվել, այդ թվում՝ 1 տարեկան երեխա և ևս 8-ը ձերբակալվել են Իսրայելի իշխանությունների կողմից։ Վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել գլխի և ողնաշարի վնասվածքներով։

A Palestinian man argues with an Israeli border policeman by the entrance to Jerusalem's Old City [Ronen Zvulun/Reuters]