Երուսաղեմում ալ Աքսայի տնօրենը օգնություն է խնդրել իսլամական աշխարհից. Իսրայելի ոստիկանությունն առգրավել է մզկիթի բոլոր բանալիները
Երուսաղեմի ալ Աքսա մզկիթի տնօրեն Օմար ալ Քեսվանին աջակցության համար իսլամական աշխարհին է դիմել պաղեստինցիների և իսրայելական ոստիկանության բախումների կապակցությամբ: Այդ մասին հաղորդել է Պաղեստինի պետական հեռուստատեսությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Իսլամական աշխարհին հորդորում ենք օգնել ալ Աքսա մզկիթին՝ հրեա նորաբնակների և իսրայելցի ոստիկանների կողմից մզկիթի վրա գրոհելուց հետո»,-հեռուստաալիքը մեջբերում է ալ Քեսվանիի հայտարարությունը:
Պաղեստինի կրոնի գործերի նախարարության աղբյուրը մամուլին հաղորդել է, որ Իսրայելի ոստիկանությունն առգրավել է ալ Աքսա մզկիթի բոլոր բանալիները:
Մայիսի 10-ի առավոտյան Երուսաղեմում Տաճարաց լեռան վրա ալ Աքսա մզկիթի մերձակայքում իսրայելական ոստիկանության հետ բախումների ժամանակ վնասվածքներ է ստացել 215 պաղեստինցի, ներառյալ Կարմիր մահիկի աշխատակիցներ, չորս տուժած գտնվում է ծանր վիճակում, հաղորդել Է Երուսաղեմում Կարմիր մահիկի ներկայացուցչությունը: Իսրայելական ոստիկանությունը հաղորդում է կարգի պահապանների ինը վիրավորի մասին:
Արևելյան Երուսաղեմում բախումները շարունակվում են արդեն մի քանի օր: Երուսաղեմում, Կարմիր մահիկի տվյալներով, լույս մայիսի 10-ի գիշերը իսլայելական ոստիկանության հետ պաղեստինցիների բախումների ժամանակ տուժել է 80 մարդ, ընդամենը վերջին օրերին վնասվածքներ է ստացել շուրջ 300 պաղեստինցի:
Մայիսի 10-ի առավոտյան անկարգությունները վերսկսվել են: Wafa գործակալությունն ավելի վաղ հաղորդել Է, որ իսլայելական ոստիկանությունը խոշոր ուժեր է կենտրոնացրել մզկիթի շրջանում, դիպուկահարներ է տեղաբաշխել դրա գավիթներում, ինչպես նաև արցունքաբեր գազ է օգտագործել պաղեստինցիներին մզկիթի տարածքից հետ մղելու համար:
Մզկիթի տնօրեն Օմար ալ Քեսվանիի խոսքով՝ «ոստիկանությունն աննախադեպ բարբարոսական հարձակում է կատարել» մզկիթի վրա: Մայիսի 10-ին Իսրայելում նշվում է Երուսաղեմի օրը, որը սահմանվել է Վեցօրյա պատերազմից հետո քաղաքի արևելյան մասն Իսրայելի վերահսկողության տակ անցնելու պատվին: Այդ օրը Իսրայելի մայրաքաղաքում անցկացվում է դրոշներով ավանդական երթ և այլ միջոցառումներ: Մայիսի 10-ին բախումներից խուսափելու իրադրության գնահատումից հետո ոստիկանությունը փակել է հրեաների մուտքի հնարավորությունը Տաճարաց լեռ: Հին քաղաքի շրջան են տեղափոխվել Իսրայելի ոստիկանության և սահմանապահ ոստիկանության հազարավոր մարտիկներ:










