Մենք հասել ենք մի կարևորագույն նպատակի, որ դատական համակարգն ինքը պայքարի իր անկախության և արդարության համար. Նիկոլ Փաշինյան

14:59 • 10.05.21

Մենք հասել ենք մի կարևորագույն նպատակի, որ դատական համակարգն ինքը պայքարի իր անկախության և արդարության համար, որովհետև երբ իշխանությունն է պայքարում դրա համար, մենք արդեն գիտենք, թե դրա արդյունքն ինչ է լինում: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Մխիթար Հայրապետյանի դիտարկմանն առ այն, թե արդարադատության ոլորտի խնդիրները պետք չէ միայն դատավորների վրա բարդել, բայց դատական համակարգում կան այնպիսի դատավորներ, որոնք անկախ են իշխանությունից, բայց կախված են այլ օղակներից:

Ըստ Հայրապետյանի՝ կա համոզմունք, որ նրանց թիվը մեծ չէ, բայց նրանք ֆոն են ստեղծում ամբողջ դատական համակարգի համար. «Կառավարությունը նախկինում նրանց պատասխանատվության ենթարկելու որոշակի գործիքակազմ էր քննարկում, օրակարգում կա՞ն այլ նոր գործիքակազմեր ներդնելու հարցեր, թե այն, ինչ կա, բավարար է այդ դատավորներին պատասխանատվության ենթարկելու և համակարգից դուրս հանելու համար»:

Փաշինյանը պատասխանեց, որ 2021 թվականին Հայաստանում դատական համակարգը հասել է նրան, որ դատական համակարգի բարձր օղակներից մեկի ղեկավարի դեմ քրեական գործ է հարուցվել: «Մենք այսօր գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ԲԴԽ նախագահը գործով մեղադրյալ է, այդ գործի հարուցումը հենց դատական համակարգն է նախաձեռնել»,-ասաց նա և հավելեց, որ սա նրանց նպատակներից մեկն էր, որ դատական համակարգում ինքնամաքրման պրոցես տեղի ունենա և սա ցույց է տալիս, որ դա իրականում անկախ դատական համակարգ ունենալու ցանկությունն է:

Մենք հասել ենք մի կարևորագույն նպատակի, որ դատական համակարգն ինքը պայքարի իր անկախության և արդարության համար. Նիկոլ Փաշինյան