Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը ղեկավարում է այս երկիրը, հայ լինելն ամոթ է. Տիգրան Աթանեսյան (տեսանյութ)
Ես այս շարժումը չէի անվանի հականիկոլական, ցանկացած շարժում, որը դեմ է այս ազգադավին դա հայ ազատագրական շարժում է․ այս մասին ասուլիսի ընթացքում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը անդրադառնալով՝ #antinikol շարժմանը:
«Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը ղեկավարում է այս երկիրը, հայ լինելը ամոթ է, արդեն մեզ ամբողջ աշխարհում ծաղրում են և լուրջ չեն վերաբերվում: Մենք այն արժանապատիվ հաղթանակած ազգից վերածվել ենք Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանիւ» հայ ազգին»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:
Նա նաև նշեց՝ միշտ էլ օտարների ժամանակ, թուրքերի և պարսիկների օրոք եղել են հայեր, որոնք շատ սիրել են պարսիկներին և թուրքերին, հիմա այդ նույն տեսակ հայը չի վերացել:
«Այդ տեսակը սիրում է Նիկոլին, մենք ոչինչ չենք կարող դրա դեմ անել՝ բացի երկարատև տասնամյակներ տևող ծրագրերից: Ամեն մեկը պետք է պայքարի սրա դեմ, քանի որ նոյեմբերի 9-ից հետո այլընտրանք չկա: Եթե ուզում ես, որ քո երեխան քեզ հարգի՝ պետք է օր առաջ այս տականքից ազատվես»,- նշեց փաստաբանը:
Նա նաև նշեց՝ իր շփման շրջանակում չկան մարդիկ, ովքեր դրական վերաբերմունք ունեն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ:
«Ես իմ վստահորդներից, իմ շփման շրջապատից ջնջել եմ բոլոր նրանց, ովքեր ունեն դրական վերաբերմունք Նիկոլի նկատմամբ, և անգամ մոտ ընկերներիս հետ բացառել եմ երբևէ և որևէ շփում։ Իրականում դա շատ ցավալի է, բայց ինձ համար ընդունելի է, քանի որ իմ այդ տեսակ ընկերների ձեռքերի վրա 5000 եղբայրների արյունն է: Պետք է ընդունենք, որ կան մարդիկ, որոնք ուրախ են՝ այդ տարածքները կորցրել ենք, քանի որ երեխան այլևս Հորադիս չի ծառայելու»,- ընդգծեց նա:
Աթանեսյանը նաև անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի կերպարին և նշեց՝ նախկին 3 ղեկավարների օրոք բացառված է եղել նման փնթի կեցվածքը և մատնանշեց Նիկոլ Փաշինյանի ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարը:
«Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը երբևէ հրապարակեին լուսանկար, որ շան պես գցած են խոտի վրա, կողքն էլ ալկոհոլային խմիչքի շիշ է, դուք պատկերացնու՞մ եք։ Դա անհնար կլիներ, նույնիսկ լուսանկարի մասին չէ խոսքը, այլ առհասարակ, որ նրանք կհայտնվեին այդ իրավիճակում»,- ասաց նա:
Տիգրան Աթանեսյանը նաև անդրադարձավ հունիսի 20-ին սպասվող արտահերթ ընտրություններին: Նշենք՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների մասին։
«Հունիսի 20-ին կյանքը չի ավարտվելու, իսկ հիմա բոլորս գերեզմանի մեջ ենք: Եթե այս քաղաքական ուժերին հաջողվի գցել Նիկոլին և ազատագրել երկիրը, ապա մեր երկիրը կստանա 2-րդ կյանքի շանս: Ով էլ գա իշխանության պետք է հասկանանք՝ հունիսի 21-ին երկնքից մանանա չի թափվելու, մեզ սպասվելու է սարսափելի երկար տարիների աշխատանք՝ վերականգնելու այն, ինչ կործանեց այս ազգադավ տականքը»,- նշեց նա:










