«Մեր ընդհանրությունն այն է, որ բոլորս մարդ ենք, ունենք չամոքված վերքեր, կորստյան ցավ կամ վիշտ»․ արքայազն Հարին խոսել է իր և Օփրա Ուինֆրիի նոր հաղորդաշարի կարևորության մասին
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին իր և հաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի՝ հոգեկան առողջության մասին «Իմ եսը, որին դու չես տեսնում» հաղորդաշարի թողարկումից առաջ ( Apple-ի հարթակում հասանելի կլինի մայիսից) խոսել է հաղորդաշարի կարևորության մասին, գրում է Page Six-ը։
«Մենք ծնվում ենք տարբեր միջավայրներում, դաստիարակվում ենք տարբեր պայմաններում և արդյունքում տարբեր փորձությունների ենք հանդիպում։ Բայց մեր ընդհանրությունն այն է, որ մենք բոլորս մարդ ենք։ Մեզնից շատերն ունեն չամոոքված վերքեր, կորստյան ցավ կամ վիշտ, որը շատ անձնական է։ Վերջին տարին ցույց տվեց, որ բոլորս միասին ենք և այս շարքը ցույց կտա, որ խոցելիությունն ուժ է, կարեկցանքը՝ միասնություն, իսկ ազնվությունը՝ կորով»,- ասել է Սասեքսի դուքսը։
Ավելի վաղ նա նաև հույս էր հայտնել, որ հաղորդաշարն «օգտակար կլինի և հնարավորություն կտա ավելի լավ հասկանալ մեր շրջապատի մարդկանց»։
Նշենք, որ հաղորդաշարի շրջանակում Ուինֆրիին և արքայազն Հարիին կմիանան ևս մի քանի հայտնիներ, այդ թվում՝ դերասանուհիներ Լեդի Գագան և Գլեն Քլոուզը։










