Մեծ Բրիտանիայում մայիսի 17-ից պատվաստման վերաբերյալ էլեկտրոնային անձնագրեր են գործարկվելու
Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահության ծառայությունը պատվաստման մասին անձնագրեր կտրամադրի երկրի քաղաքացիներին, որոնք մեկնում են արտասահման, մասնավորապես՝ զբոսաշրջային ուղևորության:
Ինչպես փոխանցում է BBC News-ը, այս ծառայությունը հասանելի կլինի մայիսի 17-ից, երբ կմեղմացվեն ճանապարհորդությունների արգելքները: Պատվաստման մասին անձնագրերը կգործարկվեն բջջային հավելվածի օգնությամբ: Ի դեպ, նման անձնագիր կտրամադրվի նրանց, ովքեր պատվաստանյութի երկու չափաբաժին ստացած կլինեն:
Հատուկ հավելվածում չեն երևալու կորոնավիրուսի թեստի արդյունքները, սակայն գերատեսչությունը մտադիր է հետագայում փոխել այդ գործառույթը:
Նման անձնագիր ստանալու համար թագավորության բնակիչները պետք է գրանցվեն ուղևորությունից առնվազն երկու շաբաթ առաջ: Որպես այլընտրանք, նրանք կարող են դիմել և ստանալ պատվաստման մասին հավաստագրի թղթային տարբերակ, որը հնարավոր է ստանալ երկրորդ չափաբաժնի ներարկումից 5 օր հետո:
Մեծ Բրիտանիայում բնակչության 67 տոկոսը (35.5 մլն մարդ) ստացել է պատվաստանյութի առաջին չափաբաժինը, իսկ 34 տոկոսը (17.9 մլն մարդ)՝ նաև երկրորդը:










