1,41178 միլիարդ մարդ. 2020-ին Չինաստանի բնակչությունն ավելացել է 0,83%-ով

09:23 • 11.05.21

Չինաստանի բնակչությունը 2020-ի տարեկան կտրվածքով աճել է 0,83 տոկոսով՝ ընդհանուր առմամբ հասնելով 1,41178 միլիարդ մարդու:

Այս մասին այսօր հաղորդել է երկրի պետական վիճակագրական վարչությունը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մայրցամաքային Չինաստանի բնակչությունը կազմել է 1,41178 միլիարդ մարդ, որը 72,06 միլիոնով (5,38 տոկոսով) ավելին է, քան 2010-ին», - ասվում է զեկույցում և նշվում է՝ 2019 թվականին երկրի բնակչությունը կազմում էր 1,40005 միլիարդ մարդ:

Հրապարակված վիճակագրության համաձայն՝ երկրում մոտավորապես 723,34 միլիոն տղամարդ և 688,44 միլիոն կին է ապրում: Բնակչության շուրջ 63,35 տոկոսը կազմում են 15-ից 59 տարեկան մարդիկ, մոտ 18,7 տոկոսը`60 տարեկանից բարձր մարդիկ: Մինչև 14 տարեկան տարիքային խմբում քաղաքացիների տեսակարար կշիռը կազմել է 17,95 տոկոս:

Ինչպես նշվում է փաստաթղթում, Չինաստանում քաղաքաբնակների տեսակարար կշիռը կազմում է 63,89 տոկոս, ինչը 14,21 տոկոսով ավելին է, քան 2010 թվականին:

Զեկույցում նշվում է, որ ՉԺՀ բնակչության մոտ 40 տոկոսն ապրում է երկրի արևելյան մասում, մոտ մեկ քառորդը՝ կենտրոնական շրջանում և միայն 7 տոկոսը՝ Ռուսաստանին սահմանակից հյուսիսարևելյան Չինաստանում: Բացի այդ, 2010-ի համեմատ, հյուսիսարևելյան նահանգների բնակչության քանակը նվազել է 1,2 տոկոսով:

Հրապարակված վիճակագրության համաձայն, երկրի բնակիչների 91,11 տոկոսը Հան (չինական) ժողովրդի ներկայացուցիչներ են, իսկ մնացած 8,89 տոկոսն ազգային փոքրամասնություններ են:

 

 

 

1,41178 միլիարդ մարդ. 2020-ին Չինաստանի բնակչությունն ավելացել է 0,83%-ով