Անգլիայում, Շոտլանդիայում և Հս. Իռլանդիայում գրեթե մեկ տարում առաջին անգամ 1 օրում «Քովիդ-19»-ից մահվան դեպք չի գրանցվել

16:42 • 11.05.21

Անգլիայում, Շոտլանդիայում և Հյուսիսային Իռլանդիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացության որևէ դեպք չի արձանագրվել:

Ինչպես հայտնում է Sky News-ը, սա առաջին դեպքն է 2020 թվականի հուլիսի 30-ից ի վեր, երբ մեկ օրում մահացության դեպքեր չեն գրանցվում Միացյալ Թագավորության երեք շրջանում: Ուելսում, սակայն, արձանագրվել է մահվան 4 դեպք: Միևնույն ժամանակ նշվում է, որ վարակման ցուցանիշը թագավորության ողջ տարածքում մայիսի 10-ին կազմել է 2357 դեպք:

Մեծ Բրիտանիայում համավարակի ողջ ընթացքում «Քովիդ-19»-ից  մահացածների թիվը հասել է 127 609-ի, վարակվածներինը՝ 4 437 217-ի:

Երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնն ավելի վաղ հայտարարել է կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները մեղմացնելու մասին:

Մայիսի 17-ից Մեծ Բրիտանիայի քաղաքացիների համար պատվաստման մասին էլեկտրոնային անձնագրեր կգործեն, որոնք թույլ կտան բրիտանացիներին ճամփորդել:

Անգլիայում, Շոտլանդիայում և Հս. Իռլանդիայում գրեթե մեկ տարում առաջին անգամ 1 օրում «Քովիդ-19»-ից մահվան դեպք չի գրանցվել