Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրությունն անհրաժեշտ է կրկնապատկել. ՄԱԿ
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրման ծավալներն աշխարհում անհրաժեշտ է կրկնապատկել: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:
«Ինձ համար պարզ է, որ պատվաստանյութերի արտադրությունն աշխարհում պետք է կրկնապատկվի, որպեսզի բավարարվի առկա պահանջարկը: Դրա համար անհրաժեշտ կլինի պատվաստանյութի արտադրելու հնարավորություն ունեցող տարբեր երկրների համագործակցությունը: Ահա թե ինչու եմ առաջարկել G20-ում արտահերթ աշխատանքային խումբ ստեղծել պատվաստման համաշխարհային ծրագիր մշակելու համար», - ասել է Գուտերեշը:
Նրա խոսքով՝ տվյալ ծրագիրը նախատեսում է բոլոր երկրների և բոլոր ընկերությունների ուժերի միավորումը պատվաստանյութերի արտադրման հարցում:
«Հուսով եմ, որ պատվաստանյութերի բոլոր խոշոր արտադրողները հնարավորություն կունենան միավորել իրենց ջանքերը պատվաստման համաշխարհային ծրագրի շուրջ»,- ընդգծել է համաշխարհային կազմակերպության ղեկավարը:










