Հնդկաստանում 100-150 կիսաքայքայված մարմին է հայտնաբերվել Գանգեսի ափերին. ենթադրվում է, որ մահացածները եղել են կորոնավիրուսակիր. The Times of India  

10:06 • 11.05.21

 

Հնդիկների համար սուրբ համարվող Գանգես գետում տասնյակ մարդկանց մարմիններ են հայտնաբերվել, որոնք, հավանաբար, մահացել են կորոնավիրուսից:

Ինչպես հայտնում է The Times of India պարբերականը, Բիհար նահանգի Բուքսար քաղաքի ղեկավարությունից կարծիք են հայտնել, որ մարմինները հարևան Ուտար Պրադեշ նահանգից են հայտնվել ջրում: Տեղի բնակիչներից ոմանք ենթադրում են, որ մահացածների մարմինները հարազատներն են գետը գցել: Նրանց կարծիքով՝ պատճառը ավանդական ծեսերով ուղեկցվող դիակիզման արարողության բարձր գինն է կամ մահացածների՝ վիրուսով վարակված լինելու հանգամանքը:

Բուկսարի բնակիչները տեղի լրատվամիջոցներին հայտնել են, որ 100-150 կիսաքայքայված մարմին է հայտնաբերվել Գանգեսի ափերին: Քաղաքացիները վախեցած են և իշխանություններից պահանջում են անհապաղ միջոցառումներ ձեռնարկել:

Բուքսարի շրջանային դատարանից հայտնել են, որ մեղավորների նկատմամբ, որոնք վիրուսով վարակվածների մարմիններն առանց դիակիզելու նետել են ջուրը, խիստ միջոցներ կձեռնարկվեն:

Նշվում է, որ հայտնաբերված մարմինների դիակիզումը՝ ավանդական ծիսակարգով, կիրականացվի կառավարության հաշվին:

Հնդկաստանում համավարակի ողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 22 մլն-ը, մահացածներինը՝ 250 հազարը:

Հնդկաստանում 100-150 կիսաքայքայված մարմին է հայտնաբերվել Գանգեսի ափերին. ենթադրվում է, որ մահացածները եղել են կորոնավիրուսակիր. The Times of India