2 հնդիկ փորձել են մոտ 3 մլն դոլար արժողությամբ ավելի քան 7 կգ ռադիոակտիվ ուրան վաճառել համացանցի միջոցով. նրանք ձերբակալվել են
Հնդկաստանի ոստիկանությունը ձերբակալել է երկու տղամարդու, որոնք փորձել են համացանցի միջոցով ավելի քան 7 կիլոգրամ բնական ռադիոակտիվ ուրան վաճառել, գրում է Dawn-ը:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Մահարաշտրա կենտրոնական նահանգում: Իրավապահ մարմինների աշխատակիցներն առգրավված հումքի արժեքը գնահատել են 2,9 միլիոն դոլար:
Ինչպես հայտնաբերվել է Մումբայի Ատոմային հետազոտությունների կենտրոնում, առգրավված նյութը ռադիոակտիվ է և վտանգավոր մարդու կյանքի համար:
Ոստիկանությունը պարզաբանել է, որ կատարվում է հետաքննություն, որի ընթացքում անհրաժեշտ է պարզել, թե ձերբակալվածները որտեղից են ստացել ուրանը և ում են պատրաստվել այն վերավաճառել:










