ԱՄՆ-ի նավը Հորմուզի նեղուցում նախազգուշական կրակոցներ Է արձակել Իրանի կատերների մոտենալու պատճառով

12:58 • 11.05.21

ԱՄՆ-ի առափնյա պահպանության նավը Հորմուզի նեղուցում հարկադրված է եղել նախազգուշական կրակոցներ  արձակել, որպեսզի հեռացնի չափազանց մոտեցած Իրանի հեղափոխության պահապանների զորակազմի կատերները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 10-ին հաղորդել են արևմտյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբիին:

Ճեպազրույցի ժամանակ Քիրբին հայտարարել է, որ միջադեպը տեղի է ունեցել, երբ իրանական 13 կատերներ մինչև 450 մետր տարածությամբ մոտեցել են ամերիկյան վեց նավերից բաղկացած խմբին, որոնք ուղեկցել են Georgia տեսակի սուզանավը՝ զինված թևավոր հրթիռներով: Արդյունքում ԱՄՆ-ի նավը 30 նախազգուշական կրակոց է արձակել հաստոցավոր գնդացիրից: Դրանից հետո իրանական կատերները հեռացել են այդ գոտուց, հավելել է Քիրբին:

Հորմուզի նեղուցը Պարսից ծոցը միացնում է Օմանի ծոցի, իսկ այնուհետեւ՝ բաց օվկիանոսի հետ: Նեղուցի հյուսիսային ափը պատկանում Է Իրանին, հարավայինը՝ Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ):

ԱՄՆ-ի նավը Հորմուզի նեղուցում նախազգուշական կրակոցներ Է արձակել Իրանի կատերների մոտենալու պատճառով