Գազայի հատվածից Իսրայելի տարածքի հրթիռակոծության հետևանքով վնասվել է իսրայելական «Էյլաթ-Աշկելոն» նավթամուղը

01:14 • 12.05.21

Գազայի հատվածից Իսրայելի տարածքի հրթիռակոծության հետևանքով վնասվել է իսրայելական «Էյլաթ-Աշկելոն» նավթամուղը, ТАСС-ի փոխանցմամբ՝ հաղորդում է իսրայելական Kan ռադիոկայանը:

Իսրայելական աղբյուրները տեսանյութեր են տեղադրում, ըստ որոնց՝ վնասված նավթամուղն ու նավթային պահեստարաններից մեկը հրդեհվել են:

Գազայի տարածքից հրթիռակոծության պայմաններում Իսրայելի մի շարք շրջաններում անկարգություններ են սկսվել, մասնավորապես՝ հյուսիսային հատվածում գտնվող Արարա բնակավայրում: Մի խումբ արաբներ փողոցներ են փակել, ավտոանվադողեր ու աղբարկղեր այրել, պաղեստինյան խորհրդանշաններ ցուցադրել, իսկ սոցցանցերում տարածված տարբեր տեսանյութերի համաձայն՝ անկարգություններ են տեղի ունենում նաև Երուսաղեմում:

 

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում իրավիճակը վերջին ժամերին էլ ավելի է սրվել: Իսրայելական աղբյուրները հայտնում են, որ պաղեստինյան կողմը տասնյակ հրթիռներ է արձակել մայրաքաղաք Թել Ավիվի ուղղությամբ:

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Թել Ավիվի ուղղությամբ 130 հրթիռ են արձակել:

Լարվածությունը Արևելյան Երուսաղեմում սկսել է աճել ապրիլի կեսերից, իսկ մայիսի 7-ին իսրայելական սահմանապահ ոստիկանության և պաղեստինցիների բախումները սկսվել են միանգամից երկու վայրում՝ Տաճարի լեռան և Շեյխ Ժարրայի շրջանում, որտեղ դատարանի որոշման համաձայն` Իսրայելի անվտանգության ուժերը վտարում են մի քանի արաբական ընտանիքների, ինչն ուղեկցվում են տեղի բնակչության բողոքներով և բռնի բախումներով:

Գազայի հատվածից Իսրայելի տարածքի հրթիռակոծության հետևանքով վնասվել է իսրայելական «Էյլաթ-Աշկելոն» նավթամուղը