Իսրայելի կողմից Գազայի հատվածի հրթիռակոծումից 30 պաղեստինցի է զոհվել, կա 203 վիրավոր

01:28 • 12.05.21

Իսրայելի կողմից Գազայի հատվածի հրթիռակոծումից 30 պաղեստինցի է զոհվել, այդ թվում՝ 10 երեխա, 203-ն էլ վիրավորվել է, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը:

Հաղորդվում է, որ մահվան դեպքերի մեծ մասը գրանցվել է Գազա և Դեյր-էլ-Բալահ քաղաքներում, որոնք Գազայի հատվածի հյուսիսային և կենտրոնական հատվածներում են գտնվում: 

Ըստ պաղեստինյան կողմի պաշտոնական հաղորդագրությունների՝ Իսրայելը պաղեստինյան խաղաղ բնակավայրերի ուղղությամբ ոչ միայն հրթիռներ, այլ նաև հրետանային արկեր է արձակում:

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում իրավիճակը վերջին ժամերին էլ ավելի է սրվել: Իսրայելական աղբյուրները հայտնում են, որ պաղեստինյան կողմը տասնյակ հրթիռներ է արձակել մայրաքաղաք Թել Ավիվի ուղղությամբ:

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Թել Ավիվի ուղղությամբ 130 հրթիռ են արձակել:

Լարվածությունը Արևելյան Երուսաղեմում սկսել է աճել ապրիլի կեսերից, իսկ մայիսի 7-ին իսրայելական սահմանապահ ոստիկանության և պաղեստինցիների բախումները սկսվել են միանգամից երկու վայրում՝ Տաճարի լեռան և Շեյխ Ժարրայի շրջանում, որտեղ դատարանի որոշման համաձայն` Իսրայելի անվտանգության ուժերը վտարում են մի քանի արաբական ընտանիքների, ինչն ուղեկցվում են տեղի բնակչության բողոքներով և բռնի բախումներով:

 

 

 

Իսրայելի կողմից Գազայի հատվածի հրթիռակոծումից 30 պաղեստինցի է զոհվել, կա 203 վիրավոր