Բայդենը հանձնարարել է վարչակազմին բանակցություններ վարել իսրայելական և պաղեստինյան բարձրաստիճան պաշտոնյաների ու տարածաշրջանի երկրների ղեկավարների հետ լարվածությունը լիցքաթափելու համար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վարչակազմին կարգադրել է խորհրդակցություններ սկսել Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման նպատակով, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին:
«Նախագահին ամեն օր զեկուցվում է Երուսաղեմում և Գազայի կատարվողը: Նա կարգադրել է իր թիմին ինտենսիվ խորհրդակցություններ սկսել իսրայելական և պաղեստինյան կողմերի բարձրաստիճան ներկայացուցիչների, ինչպես նաև՝ Մերձավոր Արևելքի երկրների ղեկավարների հետ: Նախագահի վարչակազմը հստակ ու հետևողական ուղերձներ է հղում լարվածության լիցքաթափման նպատակով: ԱՄՆ նախագահի կողմից Իսրայելի անվտանգությանն աջակցելը, Իսրայելի ինքնապաշտպանության օրինակա իրավունքը առանցքային նշանակություն ունեն և երբեք փոփոխությունների չեն ենթարկվի: ՀԱՄԱՍ-ի և ահաբեկչական այլ կառույցներկ կողմից այդ թվում Երուսաղեմի հրթիռակոծությունների շարունակվելը դատապարտում ենք»,- ասել է Փսակին:
Իսրայելի կողմից Գազայի հատվածի հրթիռակոծումից 30 պաղեստինցի է զոհվել, այդ թվում՝ 10 երեխա, 203-ն էլ վիրավորվել է, հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը:
Հաղորդվում է, որ մահվան դեպքերի մեծ մասը գրանցվել է Գազա և Դեյր-էլ-Բալահ քաղաքներում, որոնք Գազայի հատվածի հյուսիսային և կենտրոնական հատվածներում են գտնվում:
Ըստ պաղեստինյան կողմի պաշտոնական հաղորդագրությունների՝ Իսրայելը պաղեստինյան խաղաղ բնակավայրերի ուղղությամբ ոչ միայն հրթիռներ, այլ նաև հրետանային արկեր է արձակում:
Իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում իրավիճակը վերջին ժամերին էլ ավելի է սրվել: Իսրայելական աղբյուրները հայտնում են, որ պաղեստինյան կողմը տասնյակ հրթիռներ է արձակել մայրաքաղաք Թել Ավիվի ուղղությամբ:
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Թել Ավիվի ուղղությամբ 130 հրթիռ են արձակել:
Լարվածությունը Արևելյան Երուսաղեմում սկսել է աճել ապրիլի կեսերից, իսկ մայիսի 7-ին իսրայելական սահմանապահ ոստիկանության և պաղեստինցիների բախումները սկսվել են միանգամից երկու վայրում՝ Տաճարի լեռան և Շեյխ Ժարրայի շրջանում, որտեղ դատարանի որոշման համաձայն` Իսրայելի անվտանգության ուժերը վտարում են մի քանի արաբական ընտանիքների, ինչն ուղեկցվում են տեղի բնակչության բողոքներով և բռնի բախումներով:










