Արևելյան Երուսաղեմում իսրայելական կողմի զոհերի թիվը հասել է 6-ի, պաղեստինցիներինը՝ 43-ի. Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 1050 հրթիռ
Իսրայելը հայտնել է, որ վերջին 38 ժամվա ընթացքում պաղեստինցիներն ավելի քան 1000 հրթիռ են արձակել իրենց ուղղությամբ, որոնց զգալի մասը Թել Ավիվի ուղղությամբ, հայտնում է BBC լրատբականը և հավելում, որ զոհերի թիվն իսրայելական կողմում հասել է 6-ի, իսկ պաղեստինյան կողմում` 43-ի։
Իսրայելի զինվորականները նշել են, որ 2014 թվականից ի վեր սա ամենամեծ բախումն է։ Իսրայելական բանակի տվյալներով՝ Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակված 1050 հրթիռից 850-ն ընկել է Իսրայելի տարածքում կամ խոցվել Իսրայելի «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի միջոցով, իսկ 200-ը ընկել է հենց Գազայի հատվածում։
Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցն անդրադարձել է իսրայելական կողմի հասցրած հարվածներին և նշել, որ «դա դեռ սկիզբն է»։
«Ահաբեկչական կազմակերպությունները ծանր հարվածներ են ստացել և կշարունակեն հարվածներ ստանալ՝ Իսրայելին հարվածելու իրենց որոշման պատճառով։ Մենք երկար ժամանակով խաղաղության և հանգստության կվերադառնանք», - ասել է Իսրայելի պաշտպանության նախարարը։
ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Իսմայիլ Հանիեն հեռուստատեսային ուղերձի ընթացքում ասել է, որ, եթե Իսրայելը ցանկանում է սրել իրավիճակը, ապա իրենք պատրաստ են դրան, եթե ցանկանում է կանգ առնել, ապա նույնպես պատրաստ են։
Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը:
Բախումների սկզբից ի վեր Գազայի հատվածից ավելի քան 1000 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: 850 հրթիռ հատել է Իսրայելի սահմանը, ևս 200-ը ընկել՝ Գազայի հատվածում: Բախումների ընթացքում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում:
Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին
Լարվածությունը Արևելյան Երուսաղեմում սկսել է աճել ապրիլի կեսերից, իսկ մայիսի 7-ին իսրայելական սահմանապահ ոստիկանության և պաղեստինցիների բախումները սկսվել են միանգամից երկու վայրում ՝ Տաճարի լեռան և Շեյխ Ժարրայի շրջանում, որտեղ դատարանի որոշման համաձայն` Իսրայելի անվտանգության ուժերը վտարում են մի քանի արաբական ընտանիքների, ինչն ուղեկցվում են տեղի բնակչության բողոքներով և բռնի բախումներով:










