Իսրայելն առայժմ չի պատրաստվում բանակցել հրադադարի կնքման շուրջ. ՀԱՄԱՍ-ի ռազամական թևն Իսրայելի դեմ «ընդվզման» կոչ է արել. 2 կողմից զոհերի թիվը հասել է 50-ի (լուսանկարներ, տեսանյութեր). թարմացվում է
14:07
Իսրայելը հայտնել է, որ վերջին 38 ժամվա ընթացքում պաղեստինցիներն ավելի քան 1000 հրթիռ են արձակել իրենց ուղղությամբ, որոնց զգալի մասը Թել Ավիվի ուղղությամբ, հայտնում է BBC լրատբականը և հավելում, որ զոհերի թիվն իսրայելական կողմում հասել է 6-ի, իսկ պաղեստինյան կողմում` 43-ի։
Իսրայելի զինվորականները նշել են, որ 2014 թվականից ի վեր սա ամենամեծ բախումն է։ Իսրայելական բանակի տվյալներով՝ Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակված 1050 հրթիռից 850-ն ընկել է Իսրայելի տարածքում կամ խոցվել Իսրայելի «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի միջոցով, իսկ 200-ը ընկել է հենց Գազայի հատվածում։
Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցն անդրադարձել է իսրայելական կողմի հասցրած հարվածներին և նշել, որ «դա դեռ սկիզբն է»։
«Ահաբեկչական կազմակերպությունները ծանր հարվածներ են ստացել և կշարունակեն հարվածներ ստանալ՝ Իսրայելին հարվածելու իրենց որոշման պատճառով։ Մենք երկար ժամանակով խաղաղության և հանգստության կվերադառնանք», - ասել է Իսրայելի պաշտպանության նախարարը։
ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Իսմայիլ Հանիեն հեռուստատեսային ուղերձի ընթացքում ասել է, որ, եթե Իսրայելը ցանկանում է սրել իրավիճակը, ապա իրենք պատրաստ են դրան, եթե ցանկանում է կանգ առնել, ապա նույնպես պատրաստ են։
13:23
Իսրայելը չի բանակցելու հրադադարի կնքման շուրջ այնքան ժամանակ մինչև ՀԱՄԱՍ-ը չի վճարի իր հարձակումների համար:
Այս մասին գրում է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը:
«ՀԱՄԱՍ-ը հրթիռներ է արձակել, և հետո, իհարկե, նրանք ցանկանում են հրադադար, դա իրենց համար կատարյալ է, նրանք չեն պարտավորվի Երուսաղեմի վրա գրոհելու համար վճարել», - ասել է պաշտոնյան և հավելել՝ հրադադար կլինի այն ժամանակ, երբ իրենք պատրաստ լինեն:
Այնուամենայնիվ, պաշտոնյան ո՛չ հաստատել և ո՛չ էլ հերքել է իսրայելական 12-րդ ալիքի լուրն այն մասին, որ Իսրայելը մերժել է Եգիպտոսի կողմից հրադադարի ռեժիմի շուրջ բանակցություններ վարելու առաջարկը կամ որ Եգիպտոսը ընդհանրապես առաջարկ է ներկայացրել:
Լրատվամիջոցը նշում է նաև, որ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գաբի Աշքենազին զրուցել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ: Զրույցի ընթացքում պաշտոնյան «ընդգծել է, որ Իսրայելը իրավունք ունի պաշտպանել իր ինքնիշխանությունը և թույլ չի տա իր քաղաքացիներին վիրավորելու փորձեր իրականացնել»: Միևնույն ժամանակ նա պնդել է՝ Իսրայելը կշարունակի «ծանր ձեռք օգտագործել ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների դեմ»:
12:49
Իսրայելի բանակը ավիահարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան գրոհայիններից մեկի տան ուղղությամբ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում անելով իսրայելական բանակի մամուլի ծառայությունը:
12:17
Պաղեստինի իշխանությունները հայտնել են, որ Հեբրոն քաղաքի մոտակայքում գտնվող Ֆաուաար փախստականներ ճամբարում մեկ մարդ է սպանվել իսրայելական բանակի կողմից։
Սպանվածի անձը դեռևս հաստատված չէ։
12:05
Պաղեստինի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է իսրայելական ավիահարվածների հետևանքով Գազայի հատվածում նախարարության գրասենյակների ավերման մասին։
Ավելի վաղ նախարարությունը հաստատել է Al Jazerra-ի կողմից հրապարակված տեղեկությունն այն մասին, որ իսրայելական կողմը ոչնչացրել է Գազայի ոստիկանության բոլոր բաժանմունքները։
11:46
Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազամական թևի ներկայացուցիչ Աբու Ուբայդան՝ «Ալ Աքսա» հեռուստաընկերության եթերում, Իսրայելի արաբ քաղաքացիներին կոչ է արել «ընդվզել», գրում է EurAsia Daily-ն:
Ալ-Քասամի բրիգադները (Իսադդին ալ-Քասամի բրիգադները ՀԱՄԱՍ-ի մարտական թևն են) արդեն մոտ են ձեզ, նրանք իրենց հրթիռներով և մեր և ձեր թշնամու դեմ դիմակայութամբ նկարում են հայրենիքի քարտեզը», - ասել է նա:
Մայիսի 12-ի առավոտյան բռնություններ սկսվել են Իսրայելի մի շարք խառը հրեական-արաբական քաղաքներում:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն արտակարգ դրություն է հայտարարել Թել Ավիվի մերձակայքում գտնվող Լոդ քաղաքում:
Արևելյան Երուսաղեմում իսրայելական բանակի և պաղեստինցիների միջև բախումները շարունակվում են, հայտնում է Al Jazeera լրատվականը։
9։35
Գազայի պաղեստինյան հատվածի բնակիչները տարհանվում են իսրայելական հարվածների հետևանքով։
9։09
Safa Press լրատվականը տարածել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Իսրայելական կողմի հարվածների հետևանքները Խան Յունիս քաղաքում։
— وكالة صفا (@SafaPs) May 12, 2021
8։27
Իսրայելի իշխանությունները հաղորդել են, որ հարձակման հետևանքով խոցվել է Աշքելոնի մոտակայքում գտնվող իսրայելական խողովակաշարը՝ առաջացնելով մեծ հրդեհ:
ՀԱՄԱՍ շարժումը խոստացել է խոցել իսրայելական թիրախները՝ ի պատասխան Գազայի ուղղությամբ իրականացված ավիահարվածների և Ալ Աքսա մզկիթում պաղեստինցիների վրա իրականացված հարձակման։
8։08
Իսրայելական կողմը թիրախավորել է պաղեստինյան ոստիկանության բաժանմունքը։ Al Jazeera-ի թղթակից Սաֆուաթ ալ Քահլութն ասել է, որ Պաղեստինի տարածքում ոստիկանության գլխավոր շտաբը նույնպես «ամբողջովին ոչնչացվել է»:
Բացի այդ մեկ գիշերվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով տասնյակ պաղեստինցի ընտանիքներ անօթևան են մնացել։
7։46
Սոցիալական ցանցերում տարածված լուրերի համաձայն՝ Իսրայելի պաշտպանության ուժերն իրենց տանկերը տեղակայել են Պաղեստինյան Գազայի տարածքի հետ հարավային սահմանին՝ պաղեստինցիների դեմ գործողությունների նոր փուլ ազդարարելով։
Իսրայելական տանկերի տեղաշարժը հաստատել են նաև իսրայելցի և պաղեստինցի վերլուծաբանները։
Կալիֆոռնիայի համալսարանի վերլուծաբան Դով Ուաքսմանը Al Jazeera լրատվականին ասել է․ «Չեմ կարծում, որ Իսրայելի կառավարությունը կցանկանա ցամաքային լուրջ ներխուժում նախաձեռնել»։
7։16
Իսրայելի Պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են, որ իրենց կործանիչները Գազայի հատվածում «չեզոքացրել են ՀԱՄԱՍ-ի հետախուզության առանցքային դեմքերին»։ Պաշտպանության ուժերի սոցիալական ցանցերի էջերի գրառումներում նշել է, որ այդ անձիք ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության վարչության ղեկավար Հասան Կաոգին և նրա տեղակալ, ռազմական հետախուզության հակահետախուզության վարչության պետ Ուաիլ Իսան են։
«Երևում է մեր հետախուզությունն ավելի լավն է», - ասված է հայտարարության մեջ։
Լուրը ՀԱՄԱՍ-ի կողմից չի հաստատվել։
Հիշեցնենք, որ լարվածությունը Արևելյան Երուսաղեմում սկսել է աճել ապրիլի կեսերից, իսկ մայիսի 7-ին իսրայելական սահմանապահ ոստիկանության և պաղեստինցիների բախումները սկսվել են միանգամից երկու վայրում ՝ Տաճարի լեռան և Շեյխ Ժարրայի շրջանում, որտեղ դատարանի որոշման համաձայն` Իսրայելի անվտանգության ուժերը վտարում են մի քանի արաբական ընտանիքների, ինչն ուղեկցվում են տեղի բնակչության բողոքներով և բռնի բախումներով:










