Բորիս Ջոնսոնն Իսրայելին և Պաղեստինին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և հետքայլ անել

13:33 • 12.05.21

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն Իսրայելին և Պաղեստինին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և հետքայլ անել, հայտնում է The Jerusalem Post-ը։

«Մեծ Բրիտանիան խորապես մտահոգված է աճող բռնության և քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ և ցանկանում է լարվածության ապաէսկալացում տեսնել», - նշել է Բորիս Ջոնսոնը։

Հիշեցնենք, որ լարվածությունը Արևելյան Երուսաղեմում սկսել է աճել ապրիլի կեսերից, իսկ մայիսի 7-ին իսրայելական սահմանապահ ոստիկանության և պաղեստինցիների բախումները սկսվել են միանգամից երկու վայրում ՝ Տաճարի լեռան և Շեյխ Ժարրայի շրջանում, որտեղ դատարանի որոշման համաձայն` Իսրայելի անվտանգության ուժերը վտարում են մի քանի արաբական ընտանիքների, ինչն ուղեկցվում են տեղի բնակչության բողոքներով և բռնի բախումներով:

Ավելի քան 700 պաղեստինցի է վիրավորվել վերջին 24 ժամվա ընթացքում Արևելյան Երուսաղեմում իսրայելական ոստիկանության հետ բախումների ժամանակ, իսկ զոհերի թիվը հասել է 40-ի, բազմաթիվ ընտանիքներ տեղահանվել են կամ կորցրել են իրենց տները։ Իսրայելական Լոդ քաղաքում հայտարարվել է արտակարգ դրություն։ Երկրի պաշտպանության նախարար Բենի Գանցը հրամայել է մոբիլիզացնել 5000 իսրայելցի զինվորների՝ «ներքին ռազմաճակատի պաշտպանությունն ամրացնելու համար»: Զորքը տեղակայվելու է Գազայի հետ սահմանային ցանկապատի մոտ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Tert.am-ը, Իսրայելը հրաժարվել է հրադադարի ռեժիմի հաստատման ուղղությամբ բանակցություններ վարելու Եգիպտոսի առաջարկից, սակայն այս տեղեկությունը իշխանությունների կողմից պաշտոնապես չի հաստատվել։

Բորիս Ջոնսոնն Իսրայելին և Պաղեստինին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և հետքայլ անել