Ինչո՞ւ Նոր Նորքում այսօր պատշաճ չի գործել տրանսպորտը․ Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը

10:39 • 12.05.21

Երևանի քաղաքապետարանը մեկնաբանել է ստացվող տեղեկություններն այն մասին, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հասարակական տրանսպորտի աշխատանքի հետ կապված խնդիրներ կան: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ խնդիրներ են առաջացել «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի վառելիքի մատակարարի հետ, որոնք քաղաքապետարանը հնարավորինս արագ փորձում է լուծել:

«Տեխնիկական խնդիր է: «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի վառելիքի մատակարարի հետ կապված խնդիրներ են առաջացել: Լրացուցիչ պարզաբանում կներկայացնենք: Այս պահին հնարավորինս արագ կփորձենք լուծել խնդիրը»,- ասել է Կարապետյանը՝ հավելելով, որ որոշ երթուղիների աշխատանքը մասամբ վերականգնվել է:

Նա նաև հայտնել է, որ հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքի հետ կապված խնդիրներ կան ոչ միայն Նոր Նորք վարչական շրջանում:

Անդրադառնալով տեղեկություններին, թե որոշ երթուղիների վարորդներ բողոքի ակցիա են իրականացնում՝ Կարապետյանը նշել է, որ նման տեղեկություն ինքը չունի, ընդամենը վառելիքի մատակարարման հետ կապված խնդիր է, որը քաղաքապետարանը փորձում է հնարավորինս արագ կարգավորել:

Ինչո՞ւ Նոր Նորքում այսօր պատշաճ չի գործել տրանսպորտը․ Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը