Ֆլորիդայում արտակարգ դրություն է հայտարարվել Colonial Pipeline գազատարի վրա հաքերային հարձակումից հետո
Colonial Pipeline ամերիկյան ընկերությանը պատկանող խողովակաշարի ծրագրային համակարգի վրա հաքերային հարձակումից հետո Ֆլորիդայի նահանգապետ Ռոն դե Սանտիսն արտակարգ դրություն է հայտարարել վառելիքի հնարավոր սակավության պատճառով, գրում է Channel News 7-ը:
«Ես արտակարգ դրություն եմ հայտարարում», - ասվում է նահանգապետի ստորագրած փաստաթղթում և հավելվում՝ արտակարգ դրությունը մտցվել է 30 օրով և կարող է երկարաձգվել:
Նշենք՝ ավելի վաղ Colonial Pipeline ընկերությունը հայտարարել էր, որ հաքերային հարձակման է ենթարկվել, որի հետևանքով ընկերությունը ստիպված է եղել անջատել որոշ համակարգեր՝ «սպառնալիքը զսպելու համար»:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, հաքերային հարձակումը իրականացվել է հատուկ վիրուսային համակարգի միջոցով: Bloomberg-ը հաղորդել է, որ հարձակման թիկունքում կարող են լինել DarkSide հանցավոր խմբից ցանցահենները, որոնց հաջողվել է գողանալ ամերիկյան ընկերությանը պատկանող մեծաքանակ տվյալներ:
Ըստ ամերիկյան աղբյուրների՝ Colonial Pipeline ամերիկյան գազատարի համակարգերի վրա հաքերային հարձակումը կարող էին իրականացնել Ռուսաստանի հետ առնչություն ունեցող մարդիկ: Նրանց խոսքով՝ հարձակումը հավանաբար իրականացրել է DarkSide խումբը, որը ենթարդրաբար հաճախակի հարձակումներ է իրականացնում ոչ ռուսալեզու երկրների դեմ:










